Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանները կորցրած ֆիրդուսցիների համար կառավարությունը բնակարաններ է գնել (Տեսանյութ)

Փետրվար 08,2017 15:51

Ֆիրդուսի թաղամասի բնակիչները, որոնց տներն արդեն 8-9 տարի է իրացվել են, սակայն այդպես էլ ո’չ փոխհատուցում, ո’չ էլ բնակարան են ստացել, կարծես թե խնդիրը կլուծվի: Այսօր պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Ըստ նրա, ֆիրդուսցիների խնդիրներով ոչ թե կոմիտեն այլ կառավարության ուրիշ օղակներն են  զբաղվում  եւ Նարեկ Սարգսյանի ունեցած տեղեկություններով, կառավարությունը, հետագա վճարման հիմունքներով բնակարաններ է ձեռք բերել, որպեսզի հատկացնի նախկինում բնակարանները կորցրած բնակիչներին:

Ինչ վերաբերում է Ֆիրդուսի տարածքում նոր իրացումներին ու թե ով է նոր ներդրողը, պարոն Սարգսյանը չցանկացավ անուններ հրապարակել: Կոմիտեի նախագահը նաեւ ասաց, որ Ֆիրդուսի շուկան նույնպես հանվելու է, իսկ թե այլ տեղ տեղափոխվելու է Aravot.am-ի հարցին, Նարեկ Սարգսյանն ասաց, որ չգիտի:

Մանրամասները` տեսանյութում

Aravot.am-ը Նարեկ Սարգսյանից նաեւ հետաքրքրվեց, թե ե՞րբ է սահմանափակվելու Կենտրոնի կառուցապատումը: Մեր այն դիտարկմանը, թե քաղպաշտպանության դասեր ենք անցնում, սովորում երկրաշարժերի իրավիճակում ինչպես փախչել ու պաշտպանվել, բայց, փաստորեն փախչելու տեղ չունենք, Նարեկ Սարգսյանը պատասխանեց.
«Մենք ունենք մշակված Երեւանի կենտրոնի օրենքը, որտեղ մշակված են բոլոր սահմանափակումները: Օրենքը ներկայացրել ենք Ազգային ժողովի հանձնաժողով, օրենքը ստացել է դրական եզրակացություն եւ արդեն պետք է մտնի Ազգային ժողովի օրակարգ, որը անպայման կընդունվի 2017 թվականի ընթացքում: Առաջին անգամ օրենքով նախատեսվում են կառուցապատման խտության գործակիցներ, նման բան չի եղել: Դա նշանակում է, որ, եթե դու ուզում ես կառուցես շատ, այստեղ կա սահմանափակում, իսկ կենտրոնից դուրս չկա այդ սահմանափակումը»:

Նարեկ Սարգսյանին նաեւ հարցրինք, թե վարչապետի` ներդրումներ բերելու հանձնարարականից հետո, այս ամիսների ընթացքում քանի՞ ռեալ ներդրող ունենք: Ըստ կոմիտեի ղեկավարի` 3 տասնյակից ավելի, որոնց 47 տոկոսը` օտարերկրյա ներդրողներ են, մնացածը` տեղացի:

«Վարչապետի հանձնարարականի համաձայն մենք ներկայացրել ենք 2017 թվականի կառուցապատման ներդրումային  փաթեթները: Քննարկումների արդյունքում ներկայացված ծրագրերից համարվել են ամբողջապես իրատեսական 105 միլիոն դոլարի քաղաքաշինական ծրագրերը»,-ասաց Նարեկ Սարգսյանը: Ըստ նրա, իրականում իրենք կառավարությանը ներկայացրել են 230 միլիոն դոլարի ծրագիր, քննարկումների արդյունքում  հաստատվել է 105 միլիոն դոլարի ծրագիրը. «Այս ծրագրերի դեպքում կան ներդրողներ, կա գումար, բանկային երաշխիք, էսքիզային նախագիծ, պետք է ուղղակի աշխատանքային նախագիծ արվի»:
Պարոն Սարգսյանն ասաց, որ այդ 105 միլիոն դոլարի ծրագրերի մեջ չեն  մտնում ընթացքի մեջ գտնվող ծրագրերը`Դվին հյուրանոցը, կրկեսի շենքը, ճանապարհաշինարարական ծրագրերը, փոքր ծավալի շինարարությունները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728