Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լապշինի արտահանձնումն ուղղված է Արցախի եւ Հայաստանի մեկուսացմանը». Արթուր Սաքունց

Փետրվար 08,2017 15:48

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կապիկություն է համարում Հայաստանի ԱԺ պատգամավորների այսօր բարձրացրած մտահոգությունները  բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:

«Կապիկություններ են, որովհետեւ ոչ թե պետք է բողոքներ ներկայացնեն՝ նամակ ռուսաց թագավորին տարբերակով, այլ քաղաքական դիրքորոշիչ գնահատականներ տրվեն ՌԴ իշխանությունների պահվածքին: Քաղաքական ուժը, վերջապես ԱԺ-ն պետք է հայտարարություն անի, դիրքորոշում հայտնի: Այդ ես կարող եմ հարց բարձրացնել՝ հետ կանչեք Բելառուսում Հայաստանի դեսպանին, ՌԴ դեսպանատան առջեւ ցույց արեք, ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցության հարց բարձրացրեք եւ այլն: Խնդիրը վերաբերում է ՌԴ իշխանությունների պահվածքին, դրան պետք  տրվի քաղաքական գնահատական, իսկ եթե չկա նման դիրքորոշում, պաշտոնական փաստաթուղթ ԱԺ-ի կողմից, ՀՀԿ մեծամասնություն կոչված ակումբի կամ այլ կուսակցությունների կողմից, ապա սեփական անգործությունը նման անբովանդակ փոքր դժգոհությամբ չի կարող փոխհատուցվել, այդ ինչ մանկական քայլեր են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը:

Անդրադառնալով ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարությանը, թե Լապշինին արտանհանձնելուց հետո Արցախում բազմապատկվելու է արտասահմանցի լրագրողների, զբոսաշրջիկների այցերը ՝ պարոն Սաքունցն ասաց. «Այս այն դեպքն է, որ առավել քան ճիշտ կլիներ լռել, ընդհանրապես որեւէ ծպտուն չհանել, որովհետեւ եթե չես ասելու այն, ինչ պետք է ու համարժեք, մնացած ցանկացած խոսք ծիծաղելի վիճակի մեջ է դնում այդ արտահայտությունները կատարողին: Առավել քան նվազելու են այցելությունները Լեռնային Ղարաբաղ, որովհետեւ կա այն հանգամանքը, որ այցելած մարդկանց նկատմամբ քրեական գործեր կարող են հարուցվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, եւ այդ քրեական գործի շրջանակներում կարող են այդ մարդկաց հանձնել Ադրբեջանի իշխանություններին: Այսինքն, այս իրավիճակը, քրեական գործի հարուցումը, արտահանձնումը ուղղված են ԼՂՀ եւ Հայաստանի մեկուսացմանը: Այս տարրական խնդիրը չհասկանալը կամ անմեղսունակության կամ անգրագիտության արդյունք է: Ի դեպ, այս ամենը տեղի է ունենում Հայստանի իշխանությունների անգործության պարագայում»:

Հիշեցնենք, որ համացանցում իր տուրիստական նոթերով հայտնի Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել էր Ղարաբաղ՝ այն ճանաչելով որպես անկախ պետություն, ամիսներ առաջ էլ քննադատել Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ էր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել:

Պարոն Սաքունցի համոզմամբ` Լապշինի արտահանձնումը երկու ավտորիտար իշխանությունների՝ Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ գործարք է. «Հաշվի առնելով Ադրբեջանում քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների  վիճակի վերաբերյալ միջազգային զեկույցները՝ Լապշինի նկատմամբ հնարավոր ոտնձգությունների հավանականությունը առավել քան մեծ է»:

Իրավապաշտպանը նկատեց, որ բլոգերի իրավունքները խախտվել են ե՛ւ ԵԽ կոնվենցիաներով, ե՛ւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոնվենցիաներով. «Բայց խնդիրն ունի քաղաքական բնույթ. Առաջին՝ ՌԴ-ն ոչինչ չձեռնարկեց իր քաղաքացու արտահանձնման հետ կապված մտահոգություններում: ՌԴ իշխանությունները մատը մատին չեն տվել: Փաստորեն, մենք ունենք օրինակ, որ ՌԴ-ն բավականին զուսպ է պահում իրեն իր քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցում, երբ այն վերաբերում է իր դաշնակից  հանդիսացող Բելառուսի ու ռազմավարական դաշնակից հանդիսացող Ադրբեջանին.. իսկ երբ  հարցը վերաբերում էր ՀՀ քաղաքացիների դեմ ոտնձգություն կատարած անձին՝ ինչպիսին Պերմյակովն է, նրան մեկ վայրկյան անգամ չհանձնեցին Հայաստանի իրավապահներին, բայց բացարձակապես լոյալ է, երբ որ որ զուտ տարածքը հատելու հիմքով քրեական հետապնդման է ենթարկվում իր քաղաքացին, Ռուսաստանը շատ ջերմեռանդ ու հանդուրժող է այդ մարդուն Ադրբեջանի իշխանություններին հանձնելու հարցում: Կա անհամաչափ մոտեցում երկու ռազմավարական դաշնակիցների՝ Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ: Ակնհայտ ընտրողական մոտեցում է»:

Պարոն Սաքունցը հիշեցրեց, որ ՌԴ-ն ԵԱՀԿ Միսնկի համանախագահ երկիր է, որը զբաղված է ԼՂ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմամբ, բայց. «Համանախագահ երկիրը բացարձակապես որեւէ վերաբերմունք չի ցուցաբերում այնպիսի  քրեական հետապնդման նկատմամբ, որն ավելի շատ կարող է սրել իրավիճակը: ԼՂ կոնֆլիկտի լուծման մեջ ԼՂ իշխանությունները կողմ են, որոնց հետ հանդիպում են համանախագահները, իսկ կոնֆլիկտի կողմի նկատմամբ նման վերաբերմունքը՝ քրեական հեապնդման միջոցով մարդկանց արգելել այդ  տարածք այցելել, իրավիճակին ծանոթանալ, լուսաբանել, ավելի քան ուղղված է խաղաղ կարգավորման տրամաբանության դեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728