Լրահոս
Օրվա լրահոսը

«Լարսի անցակետում հայերին ստորացնում են, սարքում են «բոմժ»

Փետրվար 08,2017 15:45

«Մեր իշխանությունները երբեւէ խնդրի խորքի մեջ չեն մտնում, թե գործարարը ինչ դժվարությամբ ու տանջանքներով է փորձում մի ապրանք տանել՝ հասցնել մի կետ: Եւ երբ այսօր լսում ես վիճակագրական ցուցանիշների մասին, ընկնում ման ես գալիս, թե որտեղի մասին է խոսքը, Հայաստանի՞ »,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը «Մեդիա կենտրոնում»  «Որո՞նք են Հայաստանի՝ հետընթաց արձանագրելու պատճառները «Առեւտրի լոգիստիկան-2016» զեկույցում» թեմայով քննարկման ժամանակ:

Պարոն Մխչյանն ասաց, որ ամենամեծ խնդիրը վարչարարականն է.«Մինչեւ ԵԱՏՄ մտնելը մենք ունեինք հսկայական խնդիրներ, սկսած՝ շրջափակումից եւ այլն, բայց այսօր տրանսպորտային տրամաբանություն Հայաստանում չի գործում: Ասենք մենք օգտվում ենք Սեւ ծովից եւ Փոթիի նավահանգստից մի կոնտեյներ պետք է բերել Երեւան՝ 1500-1600 դոլար է մեզ վրա նստում: Այդ նույն կոնտեյները արտահանելու համար  հնարավոր է 400 դոլարով, որովհետեւ գալուց, քանի որ նավային ընկերությունները՝ համաշխարհային գլոբալ լոգիսիկ ընկերությունները հաշվի չեն առնում Հայաստանը որպես իրենց գործընկեր, ստիպողաբար կոնտեյների վրա հավելյալ ծախսեր են գումարում՝ մի՝ հատ էլ իրենց հետադարձ գինն են վերցնում»:

Պարոն Մխչյանն ասաց, որ այս խնդիրը պետք է պետական մակարդակով լուծվի:

Մյուս խնդիրը, որին անդրադարձավ պարոն Մխչյանը, եւս բեռնափոխադրումներին է վերաբերում. «Մենք չունենալով ընդհանուր սահման, մտանք ԵԱՏՄ, եւ  ունենք լուրջ խնդիր, որին ոչ մեկը չի արձագանքում՝ մենք պատվազրկվում ենք, ամեն մի հայ, ամեն մի վարորդ հասնում է Լարսի անցակետ եւ իրեն այնտեղ ստորացնում են, սարքում են «բոմժ»: Եթե մենք հավասարը հավասարին ԵԱՏՄ երկրի անդամ ենք, ինչո՞ւ  պիտի  սահմանի զգացում ունենանք, պետք է հավասարը հավասարի պես լինի, եւ ոչ թե մի վարսավիր հավաքի փողերն ու որոշի ճամփեն բացել: Եթե Կարեն Կարապետյանն այդքան լավ կապեր ունի Ռուսաստանում, թող այս հարցը բարձրացնի, ամոթ է»:

Քննարկմանը ներկա տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ անդրադառնալով «Առեւտրի լոգիստիկան-2016» զեկույցին, նկատեց, որ մի շարք միջազգային կառույցներ տարբեր ոլորտներում Հայաստանում հետընթաց են արձանագրում: Օրինակ, ինչպես նկատեց պարոն Խաչատրյանը, «Էկոնոմիստ» ամսագիրը ժողովրդավարության ինդեքսով Հայաստանին դիտարկում է, որպես ավտորիտար երկիր: Բացի այս, քննարկվող զեկույցում տեղ գտած ցուցանիշներով մաքսային մարմինների աշխատանքը ինդեքսով էլ հետընթաց ենք գրանցել: Պարոն Խաչատրյանի դիտարկմամբ՝ եթե ճանապարհների առումով մեր երկիրը շրջափակման մեջ է, ապա գոնե  մաքսային ծառայությունների որակը բարելավելով հնարավոր էր որոշակի խնդիրներ լուծել արտահանողների եւ ներմուծողների համար, հետեւաբար նաեւ նշված ինդեքսում լավ տեղ ունենալ:

«Եթե մենք Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը սկսեինք հարավից եւ հյուսիսից, այլ ոչ թե Արարատյան դաշտավայրից, ապա լոգիստիկ առումով մեր հնարավորությունները մեծ կլիներ, երկու կողմերի ճանապարհները կկառուցվեին ու դժվարանցանելիություն չէր լինի, ապրանքաշրջանառությունն ավելի մեծ կլիներ, նաեւ սովորական քաղաքացիներին էլ ձեռնտու կլիներ»:

Քննարկման մասնակից «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով էլ՝ եթե մեր ցուցանիշները բոլոր զեկույցներում մարդու իրավունքների իրավիճակների,  ժողովրդավարության, խոսքի ազատության առումով ցածր են, ապա այդ երկիրը որեւէ ձեւով հնարավորություն չունի առաջ գնալու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728