Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուտասա՛ն, չափի մե՛ջ գտնվեք». Բագրատյանն ու Խոսրով Հարությունյանն ԱԺ-ում վիճեցին ու վիրավորեցին իրար

Փետրվար 08,2017 13:53

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը երեկ ներկայացրել էր ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Մինչ քվեարկությունը` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր պարտքը համարեց զգուշացնել պատգամավորներին, որ այս օրենքը աստիճանաբար ավելացնում է Կենտրոնական բանկի իրավունքները եւ զրոյացնում է կառավարության ուժը: ԿԲ-ն պետք է լիներ չեզոք ու անկախ ռեգուլյատոր, բայց մենք աստիճանաբար ավելացնում ենք ԿԲ-ի իրավունքները. «Հանրապետությունը դարձել է պառլամենտական, բայց ձեւավորվել է մեկ այլ կառավարություն, որն ավելի մեծ է կառավարությունից»:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 59 կողմ, 31 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով:

Երբ քվեարկության դրվեց ԿԲ-ի ներկայացրած մեկ այլ նախագիծ՝ «Բնակարանային հիփոթեքային կրեդիրտավորման մասին» , Հրանտ Բագրատյանը հայտարարեց. «Սա նույն կինոյի շարունակությունն է: Օրենքն  այն մասին է, որ անկախ ռեգուլյատորը քիթը խոթում է շինարարության մեջ, որն իր գործը չի, կառավարության գործն է: Օրենքն այն մասին է, որ եթե հիփոթեքը շուտ ես վերադարձնում, տոկոսները բանկին միեւնույն է, պիտի տաս»:

Երեկ այս հարցի քննարկման ժամանակ մի քանի վայրկյանով Ազգային ժողովի լույսերը տարան: Հոսանքազրկվեց անգամ նիստերի դահլիճը: Հրանտ Բագրատյանը վստահ է, որ Խոսրով Հարությունյանի ապատեղեկատվությանը դահլիճի լույսերը չդիմացան. «Պարոն Շարմազանով, վարչապետներից մեկը երեկ ձեզ լրիվ թյուրիմացության մեջ գցեց, դրա համար դահլիճի լույսերը հանգան, չդիմացան նույնիսկ լույսերը: Օրենքն այս մասին է, ժողովո՛ւրդ: Օրենքն այն մասին է, որ մեկին գցել են քացու տակ, ասում ենք՝ ինչի՞ եք գցել էս մարդուն քացու տակ, դուք ասում եք՝ զատո չենք թողնում գլխին խփեն: Սա է, դե ընդունեք էս օրենքը»:

Խոսրով Հարությունյանը հակադարձեց, որ օրենքը ոչ թե ԿԲ-ին է իրավունքներ տալիս, այլ կողմերի համար՝ բանկ-վարկառու, սահմանում է բոլոր հնարավոր փոխհարաբերությունները կարգավորող նորմեր՝ հնարավորություն տալով վարկառուին վաղաժամկետ մարել իր պարտավորությունները՝ առանց տույժ ու տուգանք վճարելու:

Հրանտ Բագրատյանը չդիմացավ եւ տեղից սկսեց բղավել՝ «Սո՛ւտ ա ասում, սո՛ւտ ես խոսում»:

Խոսրով Հարությունյանը բորբոքվեց. «Մի՛ խեղաթյուրեք, լսե՛ք, չափի մեջ գտնվեք, դո՛ւք, սուտասա՜ն»:

Գալուստ Սահակյանը հորդորեց Բագրատյանին չափավոր լինել. «Հանգիստ, էդպես չի կարելի»:

63 կողմ, 22 դեմ եւ 5 ձեռնպահ ձայներով այս նախագիծը նույնպես ընդունվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728