Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը մեր արտգործնախարարությանը մեղադրում է անգործության մեջ եւ հորդորում ՌԴ-ից օրինակ վերցնել

Փետրվար 08,2017 13:35

 

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ նիստում պատգամավորները, խմբակցությունները կոշտ գնահատականներ հնչեցրեցին Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հասցեին՝ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու համար:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը գործնական առաջարկ արեց: Նա ասաց, որ ԱԺ-ն հայտարարության տեքստ պատրաստի, վաղը քվեարկեն եւ ընդունեն, որը կլինի կարժանապատիվ կեցվածք:

Ուշագրավ է, որ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Համլետ Հարությունյաննը մեղադրեց մեր արտգործնախարարությանը անգործության մեջ: Նա  ասաց. «Զարմանալի կերպով մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը ժամանակին համապատասխան քայլեր չի ձեռնարկում եւ չունի մշակած տակտիկա, որը անմիջապես պետք է դնել գործողության մեջ: Հետեւեք ՌԴ արտգործնախարարության աշխատանքի ոճին: Ցանկացած շրջադարձի ժամանակ այդ նախարարությունն ունի համապատասխան դեղատոմսեր, որն անմիջապես մտցնում է գործողության մեջ: Այս քաղաքական դիվերսիան երեւի ամենամեծ հարվածն էր ԼՂՀ միջազգային ճանաչման բնագավառում»:

Վահան Բաբայանի գնահատմամբ՝ սա դիվանագիտական ագրեսիա էր՝ ՀՀ նկատմամբ, քայլ էր, որն արվել է ԼՂՀ-ի դեմ: Համախմբում կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը հորդորեց էմոցիոնալ քայլեր չանել եւ միայն ԱԺ հայտարարությամբ ուղերձ հղել:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ Բելառուսի կողմից Լապշինի արտահանձնումը ոչ բարեկամական գործողություն է ոչ միայն ՀՀ-ի, այլ նաեւ ՌԴ-ի եւ Իսրայելի նկատմամբ: Դա նաեւ միջազգային նորմերի կոպիտ ոտնահարում է: Նա առաջարկեց, որ եթե կա այսպիսի միահամուռ հակազդեցություն, ապա արտաքին հարցերի հանձնաժողովը թող տեքստ պատրաստի եւ միասին դատապարտեն կատարվածը:

Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ ԱԺ-ում Բելառուսին եւ Ադրբեջանին կոշտ գնահատականներ տալով՝ ինչ-որ բանի չենք հասնի. «Ես առաջարկում եմ օգտվել այս քայլից եւ Ադրբեջանի միջնադարյան այդ քայլին համարժեք քայլ անել»: Նա առաջարկեց, որ ավելի շատ մշակութային գործիչներ, լրագրողներ ՌԴ-ից ու տարբեր երկրներից բերենք ՀՀ եւ Արցախ, այնպես անենք, որ Ադրբեջանն իսկապես զղջա իր այս քայլի համար:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չէր կիսում տեսակետը, որ պետք է ԱԺ հայտարարություն անել եւ դրանով հարցը փակել: Նա ասաց, որ ավելի լուրջ քայլեր են պետք. «Գտնում եմմ որ սա այդպես սովորական խնդիր չէ, կարծում եմ, առաջիկայում ուղերձներ կլինեն սրա հետ կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728