Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՏՄ-ն թողեք գնացեք, Սարգսյան Տիգրանին հետ կանչեք». ԱԺ-ում Լուկաշենկոյին պատժելու տարբերակ են մտածում

Փետրվար 08,2017 13:19

 

«Մեխանիզմներ կան. դիմեք, թող Բելառուսին հեռացնեն ՀԱՊԿ-ից, դո՛ւրս եկեք ՀԱՊԿ-ից: ԵՏՄ-ն թողեք գնացեք, Սարգսյան Տիգրանին հետ կանչեք: Մեխանիզմներ կան, ուզում եք անել, թե չէ սենց խոսալով հո չի»,- սրանք Հրանտ Բագրատյանի առաջարկած լուծումներն էին՝ պատժելու Բելառուսին՝ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին մեր հակառակորդ Ադրբեջանին արտահանձնելու համար:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում պատգամավորները կոշտ գնահատականներ հնչեցրեցին Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հասցեին՝ հորդորելով ԱԺ-ին տալ քաղաքական գնահատական, հետ կանչել մեր դեսպանին, սառեցնել ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը:

ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը չհամաձայնեց. «Իմ կարծիքով, պետք է լրիվ այլ ուղղությամբ գնալ. ԵԱՀԿ ԽՎ-ն աշնանային նստաշրջանում ընդունել է բանաձեւ, համաձայն որի ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտող գոտիներ իրավունք ունեն այցելել թե՛ ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչները, եւ թե՛ ԶԼՄ-ները: Բելառուսը ոտնահարել է ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից ընդունված այդ որոշումը: Մենք այստեղ պետք է խփենք եւ արբիտր պետք է բերենք ԵԱՀԿ-ին, որ տեր կանգնի իր իսկ կողմից ընդունած բանաձեւերին»:

Թեւան Պողոսյանի դիտարկմամբ՝ պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել. «ԱԺ-ն իրավունք ունի կազմակերպել արտահերթ լսումներ, հրավիրել արտգործնախարարին, ՊՆ նախարարին, մի խումբ հարցեր քննարկել: Լապշինն ընդամենը մեկ դեպք է, Ուկրաինայում արցախյան ապրանքների շուկան ներս չթողնելը՝ երկրորդ դեպքը, դիվերսանտի մարմինը մենք չգիտեմ ինչի ենք հետ տալիս, չնայած հասկանալի է, որ մեզ ուրիշի դիակները պետք չեն, Ադրբեջանում իրեն Ազգային հերոսի կոչում են տալիս, իսկ մենք այդ նույն դիվերսանտին սպանած մեր հերոսին Ազգային հերոսի կոչում չենք տալիս: Մենք ունենք մեծ խումբ հարցեր քննարկելու»:

ԲՀԿ-ական Վահե Հովհանիսյանի խոսքերով՝ հարցը չպետք է դրամատիզացնել. «Այո, կան ժողովրդավարության նորմերի խախտում,բայց դրա հետ աշխատելու ձեւերը այլ են, ոչ թե ԱԺ-ում բոցաշունչ ելույթներ անելը»:

Նա ասաց, որ միանգամից կոշտ քայլեր անելը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը, իռացիոնալ քայլեր են, մենք կարող ենք ներքաշվել մի պրոբլեմի մեջ, որը մերը չի. «Իսկապես կա աշխատանքի տեղ, բայց բոլոր խնդիրները այս հարցին կապելը մեզ օգուտ չի բերելու»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը միացավ հնչեցրած կարծիքներին եւ ասաց, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակությունը հնչեցրել է խնդիրը թե լիագումար նիստում, թե քաղաքական կոմիտեում ու խմբերում. «Բարձրացրել ենք խնդիրները նաեւ Բելառուսի ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներին»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ սա առաջին դեպքը չէ, որ Բելառուսի կողմից նկատում ենք կողմնակալ վերաբերմունք Ադրբեջանի նկատմամբ. «Այս պարագայում տեղի է ունեցել պարզ մանր գործարք»:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ մենք չպետք է հարց բարձրացնենք, որ դադարեցնենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, այլ պետք է հարց բարձրացնենք, որ Բելառուսը դադարեցնի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728