Մինսկից Բաքու արտահանձնված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին տեղափոխել են քննչական մեկուսարան: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Լապշինը Բաքու է տեղափոխվել փետրվարի 8-ի գիշերը՝ հատուկ չվերթով՝ ձեռնաշղթաներով և պետանվտանգության ծառայության երկու աշխատակիցների ուղեկցությամբ:
«Մինսկից Բաքու արտահանձնված ռուս-իսրայելական քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը տեղափոխվել է Ադրբեջանի արդարադատության նախարարության պենիտեցիար ծառայության համար 1 քննչական մեկուսարան»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, երեկ Բելառուսի Գերագույն դատարանն անփոփոխ թողեց Լապշինի արտահանձնման վերաբերյալ որոշումը, որից հետո բլոգերի պաշտպանները դիմել էին պաշտոնական Մինսկին՝ լրացուցիչ պաշտպանություն տրամադրելու խնդրանքով:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ Բելառուսի ՆԳՆ-ից հայտնել են, որ իրենք նման միջնորդություն չեն ստացել:
«Մեր ուսումնասիրությանը ներկայացված նման միջնորդություն չի եղել»,- ասել է Բելառուսի ՆԳՆ քաղաքացիության և միգրացիայի բաժնի ղեկավար Ալեքսեյ Բեգունը:
Մինսկում Ռուսասատանի հյուպատոսական բաժնի ղեկավար Իգոր Կարյագինն էլ հայտարարել է, որ իրենք Լապշինի արտահանձնման մասին իմացել են իսրայելցի դիվանագետներից:
Կարյագինի խոսքով՝ չորեքշաբթի Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները հանդիպելու են միջնորդություն ներկայացրած փաստաբանի հետ: «Մենք կպարզենք՝ արդյո՞ք միջնորդություն ներկայացվել է Բելառուսի միգրացիոն ծառայություն՝ Լապշինին լրացուցիչ պաշտպանություն տրամադրելու վերաբերյալ: Մեր տրամադրության տակ եղել է տեղեկություն, որ նման մտադրություն կա»,- ասել է Կարյագինը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ