ՌԴ քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբանները ՌԴ-ի անգործությունը վիճարկում են մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ-ում):
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանին այդ մասին հայտնել է Լապշինի փաստաբան Կարինա Մոսկարինկոն:
«Պաշտպանները բողոք են ներկայացրել ՄԻԵԴ, որ ՌԴ-ն բավարար գորոծողություններ չի իրականցնում իր քաղաքացուն պաշտպանելու ուղղությամբ: Երեկ երեկոյան, երբ զրուցեցի Լապշինի փաստաբանի հետ, նա ասաց, որ բոլոր միջոցներն են փորձելու անել, որ կասեցնեն նրա արտահանձնումը, բայց դա իրականում ուշ էր, քանի դեռ դատն էր ընթանում` ինքնաթիռը եկել էր Լապշինի հետեւից, դատը,ըստ էության, կեղծիք էր»,- Aravot.am-ին ասաց Դանիել Իոաննիսյանը:
Ըստ նրա` Լապշինի արտահանձնումն իրականացնելով, Ադրբեջանն առաջին հերթին Հայաստանին, ապա իր ժողովրդին ցույց տվեց, որ, ի տարբերություն Հայաստանի, ինքը դրսում կարողանում է հարցեր լուծել. «Դա արեց Սաֆարովի դեպքում, Լապշինի արտահանձնման գործընթացն ապահովելով, ցույց տվեց, որ ինքը հզոր երկիր է: Գոնե բռնապետական երկրների շրջանակում ունի ազդեցության լծակներ, հեղինակություն: Պարզապես Հայաստանը չի հասկանում, որ ժողովրդավարական երկրների շրջանակում պետք է հեղինակություն ձեռք բերի»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ համացանցում իր տուրիստական նոթերով հայտնի Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել էր Ղարաբաղ՝ այն ճանաչելով որպես անկախ պետություն, ամիսներ առաջ էլ քննադատել Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ էր հարուցել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ