Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ. ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները և շրջանառության հարկ վճարողները պետք է մինչև փետրվարի 20-ը հարկման դաշտի ընտրության վերաբերյալ հայտարարություն ներկայացնեն

Փետրվար 08,2017 10:56

«Շրջանառության հարկի մասին» և «Հարկերի մասին» ՀՀ օրենքների համաձայն, ընտանեկան ձեռնարկատիրությամբ սուբյեկտները և շրջանառության հարկ վճարողներն (ՀՀ-ում ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները) իրենց ընտրած հարկման դաշտի վերաբերյալ, յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև փետրվարի 20-ը, հաշվառման վայրի հարկային մարմին պետք է հայտարարություն ներկայացնեն: Իսկ նոր ստեղծված ընտանեկան ձեռնարկատերերն ու շրջանառության հարկ վճարողներն, ըստ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանի, հայտարարությունը ներկայացնում են պետական գրանցումից հետո 20-օրյա ժամկետում:

Ընդ որում, ընտանեկան բիզնեսով զբաղվողները, հայտարարությունից բացի, պետք է ներկայացնեն նաև ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: «Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու և շրջանառության հարկ վճարելու վերաբերյալ հարկային մարմին համապատասխան հայտարարություն չներկայացնելու դեպքում հարկ վճարողներն  ինքնաբերաբար տեղափոխվում են ավելացված արժեքի հարկման դաշտ, իսկ հարկային պարտավորությունները հաշվարկվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով»,-նշել է Արման Պողոսյանը:

Հարկման դաշտի ընտրողականության համակարգը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: «Ընթացակարգը շատ պարզ է և գործնականում հեշտ կիրառելի. նախորդ երկու տարիների  փորձը ցույց  է տալիս, որ, ի տարբերություն մինչ այդ կիրառվող ընթացակարգերի, հարկ վճարողները նախընտրելի հարկային համակարգն ընտրելիս գրեթե սխալներ չեն կատարում: Այդուհանդերձ, ՊԵԿ նախագահի հանձնարարականով, տարեսկզբից հարկային տեսչություններում իրազեկման միջոցառումներ են մեկնարկել»: 2016 թվականի տվյալներով գործում է 50 500 շրջանառության հարկ վճարող և շուրջ 1350 ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: Արման Պողոսյանի խոսքով՝ նրանց հիմնական մասն արդեն իսկ ընտրել է հարկման դաշտը. հայտարարությունն, ընդ որում, ներկայացվում է թղթային և էլեկտրոնային եղանակով:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728