Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Արամյանի «հեղափոխական» լավատեսությունը

Փետրվար 08,2017 15:00

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահեցնում է՝ պետական գնումների համակարգում հեղափոխություն են անում. գնումների ամբողջ գործընթացը, բացի գաղտնի գնումներից, թափանցիկ է դառնալու: Այսինքն՝ ինչպես վստահեցնում են ֆինանսների նախարարության «հեղափոխականները», պետական գնումների նոր օրենսդրությամբ մրցակցության աստիճանն են բարձրացնելու, արտադատական բողոքարկման անկախ համակարգ է ներդրվելու, ապահովելու են գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնության աստիճանն են բարձրացնելու, կանխարգելելու են հնարավոր կոռուպցիոն դեպքերը:

«Պետական գնումների մասին» նոր օրենքն ու համակարգը լրագրողներին օրերս ներկայացրին ֆինանսների նախարարն ու նախարարության այլ ներկայացուցիչներ՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ (GIZ):
Նոր համակարգի ներդրումով քաղաքացիները կարող են տեսնել, թե պետական գնումներում որ ընկերություններն ինչ գնային առաջարկով են ներկայանում, եւ բոլոր հնարավոր տեղեկությունները մասնակիցների ու գնումների կազմակերպման գործընթացի վերաբերյալ հասանելի են լինելու ցանկացած քաղաքացու:

Որ թափանցիկությունն են փորձում ապահովել՝ դա լավ է, բայց սա ոչ թե հեղափոխություն է, այլ ցանկացած ժողովրդավարական երկրի համար օրինաչափություն է: Այլ հարց է՝ Հայաստանն իրո՞ք ժողովրդավարական է, թե՞ միայն թղթի վրա:

Պետական գնումներում ամենախնդրահարույցն այն է, որ դրանց տարիներ շարունակ մասնակցում են պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններ: Պետական պաշտոնյաներն օրենքով գործարարությամբ զբաղվելու իրավունք չունեն, հետեւաբար իրենց ընկերությունները գրանցում են հարազատների անունով, ու հենց հարազատների ընկերություններն էլ հաղթում են պետական հատկապես խոշոր գնումներում, որովհետեւ դրանք կապ ունենալով պաշտոնյայի հետ՝ չգրված արտոնություն են ունենում:

Հիմա նոր օրենքով հեղափոխություն արվո՞ւմ է, ասենք՝ կկանխարգելե՞ն, որպեսզի պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունները առավելություն չունենան կամ մշտապես չհաղթեն, կամ ընդհանրապես չմասնակցեն: Ընդհանրապես չմասնակցելու մասին կարելի է մոռանալ: Որովհետեւ դե, ասենք՝ բարեխիղճ ընկերություն է, որի սեփականատիրոջ եղբայրն ասենք՝ ֆինանսների նախարարն է, հո այդ բարեխիղճը կրակը չի՞ ընկել, որ եղբայրը պաշտոնյա է:

Բայց ինչպես լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումներն են փաստում, բազմաթիվ պետական գնումներում հաղթում են բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների ընտանիքներին պատկանող ընկերությունները:
«Գնումներին մասնակցող ընկերությունները պարտավոր են հայտարարագիր ներկայացնել սեփականատերերի, նաեւ ընկերության հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկություններ, իրական սեփականատերերին պետք է ներկայացնեն: Նրանք պարտավոր են շահերը ներկայացնել: Այսինքն՝ երբեք չի եղել շահերի բացահայտման ինստիտուտը: Իսկ որ այդ պաշտոնյաների հետ կապված ընկերություններ են՝ հանրությունը գիտեր դեսից-դենից, մոտավոր, նոր օրենքով շահերի բացահայտման համար հիմքեր ենք ստեղծել»,- ասաց Վարդան Արամյանը:

Թե այդ հայտարարագրումով ի՞նչ է փոխվելու, եւ ինչպե՞ս է կոռուպցիոն ռիսկը բացառվելու՝ ամենը կախված է իրավապահ մարմիններից, ոչ թե ֆինանսների նախարարությունից:

«Մենք փորձում ենք կանխարգելիչ գործիքներ դնել, որպեսզի կոռուպցիոն չարաշահումներ չլինեն»,- ասաց Արամյանն ու պատկերավոր ներկայացրեց կանխարգելման մեթոդները. «Ասենք, մի բան է, որ ես ամեն անգամ գումարով գնում եմ կազինո՝ խաղալու, ու դու մոտավոր գիտես, որ ես գնում եմ խաղալու, այլ բան է, երբ գնում ես, ու քո վրա տեսախցիկ կա, այս դեպքում ավելի մեծ են հենքերը պատասխանատվության ենթարկելու»: Արամյանի ասած տեսախցիկն էլ հայտարարագրերն են, ու, ըստ նախարարի, կոռուպցիոն ռիսկերի դեմն առնելու աշխարհի լավագույն մեթոդը հայտարարագրերն են՝ շահերի բացահայտման գործիքը:

Իսկ եթե պետգնումներին մասնակցողները հայտարարագրում չներկայացնեն ընկերության հետ փոխկապակցված պաշտոնյային կամ անձին, որը կարող է ազդել գնման գործընթացում, ապա բացահայտվելուց հետո նրանք կընկնեն սեւ ցուցակ եւ 2 տարի իրավունք չեն ունենա մասնակցելու պետական գնումներին:

Պետք է նկատել, որ պարոն Արամյանը բավականին լավատես է, նա հույսը դրել է ընկերությունների բարեխղճության եւ իրավապահ մարմինների վրա:
«Յուրաքանչյուր պաշտոնյա, շատ լավ գիտակցելով, որ ինքը ստորագրում է մի հայտարարության տակ, որը վաղը դառնալու է հանրության սեփականությունը, պատասխանատվությամբ կվերաբերի դրան եւ կխուսափի կեղծիքներ ներկայացնելուց»,- վստահ է Արամյանը:

Ընդ որում, կեղծիքներ բացահայտելն արդեն իրավապահ մարմինների դաշտում է: Սակայն հաշվի առնելով ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի միլիոնավոր դոլարների բացահայտման սկանդալային դեպքը, երբ նա զբաղեցնելով պետական բարձր պաշտոն՝ օֆշորում ընկերություններ էր գրանցել, իսկ քննչական կոմիտեն քրեական գործը կարճել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով, ապա այս իմաստով Արամյանի լավատեսությունն է արդեն հեղափոխական:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

07,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728