Ըմբշամարտի միջազգային միությունը՝ UWW-ն, ՖԻԼԱ-նախկին նախագահ Ռաֆայել Մարտինետիի թողած ժառանգությունից հետո չի կարողանում խելքի գալ ու մարզաձեւի հետագա զարգացման համար վերջնական որոշում ընդունել:
Սերբ Նենադ Լալովիչին կազմակերպության նախագահ ընտրելուց եւ FILA-ն UWW անվանափոխելուց հետո, համաշխարհային ըմբշամարտի ղեկավար մարմինը սկզբնական շրջանում վերացրեց նախկին ղեկավարության սահմանած մի շարք կանոններ, որոնք ոչ միայն արգելակում էին ըմբշամարտի բնականոն զարգացումը, ինչի համար ժամանակին ըմբշամարտը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ծրագրից հանելու հարց բարձրացվեց, այլեւ այն դարձնում էին տխուր, ոչ դիտարժան ու մեծամասնության համար անհասկանալի: Դրա փոխարեն այդ կանոնները մրցավարներին կամայական որոշումներ կայացնելու եւ գոտեմարտի ելքի վրա ազդելու լայն հնարավորություններ էին ընձեռում:
Համաշխարհային ըմբշամարտի ղեկավար նոր կազմակերպության նախաձեռնած բարեփոխումներն ըմբշամարտի աշխարհը ընդունեց ոգեւորությամբ, մարզաձեւը սկսեց վերակենդանանալ, թեեւ կողմնակալ մրցավարության խնդիրն օրակարգից չվերացավ: Սակայն UWW-ն շատ ժամանակ չանցած սկսեց կորցնել վստահությունն ու համակրանքը: Դրա դրսեւորումներից մեկն ըմբշամարտի աշխարհի համար անհասկանալի կերպով Ռիոյի օլիմպիական խաղերից հետո կանոններում մտցված փոփոխություններն էին, որոնք ուժի մեջ մտան 2017 թվականից: Մասնավորապես, վերացվեց մարզաձեւի հիմնական կանոններից մեկը հանդիսացող չորեքթաթ դրությունը: Այս որոշումը մասնագետների խորը տարակուսանքն ու դժգոհությունն էր առաջացրել:
Սակայն «Առավոտը» օրերս տեղեկացավ, որ Ըմբշամարտի միջազգային միությունը՝ UWW-ն, կրկին վերանայել է իր վերջին անհասկանալի որոշումները եւ 2018 թվականից չորեքթաթ դրության կանոնը վերականգնում է: Փոփոխություններ են կատարվելու նաեւ քաշային կարգերում: Դրանց թիվը եկող տարի ավելանում է երկուսով եւ ութից դառնում է տասը: Կոնկրետ հունահռոմեական ըմբշամարտում՝ 55, 60, 65, 70, 75, 80, 85, 90, 100, 130 կիլոգրամ, որոնցից օլիմպիական են վեցը՝ 60, 70, 80, 90, 100 եւ 130:
Հաջորդ մրցաշրջանից ուժի մեջ է մտնում ըմբշամարտի կշռման արարողության նոր կանոնակարգ, որից արդեն դժգոհություն են հայտնում ու անհեթեթ համարում բարձրակարգ ըմբիշները, ինչպես օրինակ, լեգենդար Ալեքսանդր Կարելինը: Մրցումները սովորականի պես տեւելու են երկու օր, բայց մասնակիցները կշռվելու են երկու անգամ: Նախորդ օրվա երեկոյան կշեռքում ըմբիշը պարտավոր է տեղավորվել հայտավորված քաշային կարգում, որից հետո մասնակցում է վիճակահանությանը: Երկրորդ կշեռքը լինելու է մրցման օրը, մեկնարկից երկու ժամ առաջ, որի ժամանակ թույլատրվելու է սահմանվածից մինչեւ երկու կիլոգրամ ավելի քաշ ունենալ: Սա լրացուցիչ խնդիրներ կարող է առաջացնել ինչպես քաշը գցող մարզիկների, այնպես էլ գործընթացը կարգավորող մարզիչների համար: Եթե ըմբիշը առաջին կշեռքի ժամանակ 7-8 կգ քաշ է գցել, դրանից հետո պետք է սնվի: Մի փոքր ավելի սնվելու եւ թույլատրելի 2 կիլոգրամից ավելի քաշի դեպքում նրան կարգելվի մասնակցել՝ իր անվան դիմաց պարտություն գրանցելով, իսկ քիչ սնվելու դեպքում չի վերականգնվի ու չի կարողանա պատշաճ մասնակցություն ունենալ:
Կարդացեք նաև
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
07,02.2017