Փետրվարի 10-ը հոբելյանական է ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, գրող եւ նկարիչ Արթուր Էլբակյանի համար, որն այսօր ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում: Արթուր Էլբակյանը նաեւ հրաշալի լուսանկարիչ է եւ ինստագրամի իր էջում ամեն օր ինքնատիպ լուսանկարներ է տեղադրում: «Առավոտը» փոքրիկ հարցազրույց ունեցավ արվեստագետի հետ:
– Բացի գրելը, նաեւ նկարում ու լուսանկարում եք, մասնավորապես լուսանկարչությամբ ի՞նչ բաց եք լրացնում, նկատի ունեմ ասելիքը արտահայտելու ձեւի առումով:
– Դրանք իրար լրացնող բաներ են: Այն, ինչ հնարավոր չէ ասել, կամ ցույց տալ նկարելով, ես փորձում եմ տեղ հասցնել լուսանկարների միջոցով: Լուսանկարների իմ շարքը ես անվանել եմ Photo of the day կամ օրվա կադր: Փորձում եմ ապրածս օրվա գեղեցիկ ակնթարթը պահպանել ինձ համար եւ կիսվում եմ մարդկանց հետ իմ աշխարհով, որին ես մի քիչ այլ անկյունից եմ նայում ու տեսնում: Մի քիչ թեք եմ նայում: Մի փոքր ուրիշ աստիճանի տակ:
Կարդացեք նաև
– Հրաշալի լուսանկարներ եք արել, հնարավո՞ր է առաջիկայում ցուցահանդես բացվի, եթե այո, ինչ ուղերձ կունենա այդ ցուցահանդեսը:
– Շնորհակալ եմ գնահատականի եւ իմ լուսանկարները որակելու համար: Ոչինչ այս կյանքում բացառել հնարավոր չէ: Այդ թվում եւ լուսանկարների ցուցահանդեսը: Այդպիսի միտք հղացել եմ: Այն չի լինի միայն լուսանկարների ցուցահանդես: Ես այն պատկերացնում եմ նկարների հետ միասին, իրար լրացնող ցուցադրություն:
– Գեղեցիկի ձեր բանաձեւը` կյանքում, գրականության մեջ, կինոյում, լուսանկարներում…
– Նկատել գեղեցիկը, տեսնել գեղեցիկը, գնահատել գեղեցիկը եւ ապրել այդ գեղեցիկի հետ համահունչ: Մեր Երկիր մոլորակն այնքան գեղեցիկ է, մարդը, կենդանին, բնությունը, երեւույթները այնքան գեղեցիկ են: Ուղղակի նկատել է պետք: Սակայն շատերն ուղղակի անցնում են գեղեցիկի կողքով ու չեն նկատում: Իմ պարագայում դա բանաձեւ չէ, ապրելակերպ է:
– Վերջապես ե՞րբ է լույս տեսնելու այնքան սպասված ձեր «Մեր մասին» գիրքը:
– Եթե ասեմ կատակով, ապա չեմ կարողանում բաժանվել գրածիցս: Իսկ եթե լուրջ՝ գիրքս արդեն ավարտված է: Դժվարությունը Երեւանը նկարագրող ու պատմող հարյուրավոր լուսանկարների խմբագրական աշխատանքն էր, ավելի ճիշտ՝ հին լուսանկարները պատշաճ տպագրական որակի հասցնելը: Դա ահռելի աշխատանք էր, որ նախատեսվածից ավելի շատ ժամանակ պահանջեց: Մի փոքր էլ համբերենք ու գիրքը կհասնի ընթերցողին:
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները՝
Արթուր Էլբակյանի
«Առավոտ»
07,02.2017