Լրահոս
Օրվա լրահոսը

Շոու-բիզնեսի մաֆիան՝ ըստ Զառա Տոնիկյանի

Փետրվար 08,2017 13:00

Ճանաչված արվեստագետների անձնական, ինչպես նաեւ ստեղծագործական ուղուն վերաբերող իրական, սակայն առաջին հայացքից հաճախ լեգենդ կամ անհավանական թվացող պատմությունների մասին սովորաբար միայն տասնամյակներ անց են բարձրաձայնում:

Վերջերս Առնո Բաբաջանյանի 95-ամյակի հոբելյանական երեկոյին հրավիրված էր ճանաչված երգչուհի Զառա Տոնիկյանը: Շուրջ քառորդ դար Բելգիայում ապրող ու ստեղծագործող երգչուհու արվեստին անդրադառնալիս այսօր էլ միանշանակ նշվում է նրա բարձրարվեստ կատարումների մասին: Հանդիսատեսը հիշում է երգչուհու մեկնաբանությամբ Մելիք Մավիսակալյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի, Արթուր Գրիգորյանի երգերի անգերազանցելի կատարումները: Հիշում են նաեւ ժամանակին Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակվող հեղինակավոր հաղորդումներում ընդգրկված արվեստագետի ելույթները, օրինակ, տպավորիչ էր ամանորյա «Գոլուբոյ օգոնյոկի» ժամանակ Զառա Տոնիկյանի հնչեցրած Ամիրխանյանի «Բալենին», սովետա-շվեդական՝ «Յակոբի աստիճանները հյուր են «Առավոտյան փոստին» ծրագրում՝ «Դարձյալ քեզ» երգի կատարումը, ընդ որում՝ ԽՍՀՄ-ից մասնակցում էին միայն Ալլա Պուգաչովան եւ Ադրբեջանից ջազ խումբ: Միաժամանակ առիթի դեպքում այսօր էլ ասում են, իբր երգչուհին տաղանդին զուգահեռ ունի անսովոր բնավորություն ու վարքագիծ: Ասվածը բացատրում են հետեւյալ կերպ. հայաստանյան գործունեության ընթացքում նա չի անդրադարձել կոլեգաների կողմից կատարված ոչ մի երգի, հաճախ նկարահանվել է, ապա խնդրել է չցուցադրել այն կամ՝ վերջին տարիներին էլ ինչ-ինչ պատճառներով մերժել է հայաստանյան հրավերները:

Մեզ հետ զրույցում լեգենդար հաղորդավարուհի Նառա Շլեպչյանը հիշեց 1970-ականների կեսերը, երբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իր ձեւակերպմամբ՝ «Զառայի Ջենիս Ջոփլինի «Time» երգի կատարումից հետո (այս ստեղծագործությունը տարիներ շարունակ երգչուհու կատարմամբ ընդգրկված էր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային- ջազային նվագախմբի երկացանկում) հանդիսատեսի հիացմունքն արտահայտվում էր նաեւ ոտքերով դոփելով: Ունկնդիրների շարքերում կային այնպիսիները, որոնք այնքան էին տարվում երգչուհու կատարումով, որ թվում էր, թե կնետվեն յարուսից…»: Տիկին Շլեպչյանը հիշեց այն տարիների համար երգչուհու համարձակ հագուկապը՝ անսովոր բարձր «պլատֆորմով» կոշիկներ, կարճ շրջազգեստ, ցանցավոր գուլպաներ… Ասում են, որ այս ելույթից հետո, որ նկարահանվում էր հեռուստատեսությամբ, Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանը արվեստագետին որակելով «կաբարեի երգչուհի», փակել է հեռուստատեսության դռները երգչուհու առջեւ: Ընդամենը մեկ-երկու տարի անց, երբ Կոնստանտին Օրբելյանի ներկայացմամբ Զառա Տոնիկյանը Չեխոսլովակիայում մասնակցելով միջազգային մրցույթի, արժանացել է դափնեկրի կոչման, նույն Ստեփան Պողոսյանը իր աշխատասենյակ է հրավիրել երգչուհուն ու նրա պատվին շամպայն «տրաքացրել» …

Զառա Տոնիկյանը երգչուհու կարիերան սկսել է 16 տարեկանում՝ «Կռունկ» (ղեկավար՝ Ռ. Ամիրխանյան), ապա՝ «Արեգակ» (ղեկավար՝ Ա. Դիվանյան) անսամբլներում, 1973 թվականից ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ, ապա Հայաստանի պետական էստրադային-ջազային նվագախմբերի մեներգչուհին էր:
Անդրադառնալով Բաբաջանյանի երեկոյին, նշենք, որ կոմպոզիտորը միայն իր «Պայծառացում» երգի կատարման համար Զառային հրավիրում էր ոչ միայն Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ կամ Ռուսաստանի այլ քաղաքներ, այլեւ արտասահման, այն դեպքում, երբ այս երգը հիանալի մեկնաբանում էին նաեւ ռուս երգիչներ: Կայացած համերգին հրավիրված էին նաեւ բաբաջանյանական երգերի կատարողներ Ռուսաստանից: Ողջ երեկոյին բեմահարթակում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Զառա Տոնիկյանը՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթի պահին:

«Առավոտի» հետ զրույցում Զառա Տոնիկյանը հավաստիացրեց, որ Բելգիայում ապրելու տարիներին ոչ հաճախ, երբեմն-երբեմն ելույթներ է ունենում եվրոպական տարբեր ակումբներում՝ գերմանացի, հոլանդացի ջազ երաժիշտների ընկերակցությամբ: Ինչ վերաբերում է իր անսովոր բնավորություն ու վարքագիծ ունենալուն, ասաց. «Մշտապես, այսօր էլ հաճախ ծանոթներս, նույնիսկ անծանոթներն ասում են, որ յուրատեսակ մարդ եմ, չգիտեմ… Եղել եմ ու կամ այնպիսին, ինչպիսին եմ: Ինչ վերաբերում է հայաստանյան հրավերներին, ունեցել եմ ընդամենը երկուսը, մեկը՝ 2014թ. մասնակցել եմ «Երգում է 70-ականների Երեւանը» ծրագրին եւ սա՝ Բաբաջանյանի երեկոյին: Նշեմ, որ կոնկրետ բաբաջանյանական երեկոյի հրավերը եկել է Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի կողմից, որն ինձ հայտնեց, թե նախագահի տիկին Ռիտա Սարգսյանն է առաջարկել հրավիրել ինձ: Այո, բազմիցս մերժել եմ ու այսօր էլ նույնկերպ եմ վարվում տարբեր TV-ների առաջարկներին, բացառությամբ մեկ-երկուսի: Տարօրինակ է, նկարահանվում եմ, ապա դիտելով եթերը, ինձ պարզապես չեմ ճանաչում ոչ միայն արտաքնապես, այլեւ խոսքս մի տեսակ այլ տեմբրով է հնչում»:

Հետաքրքրվեցինք՝ երգչուհին ինչ կարծիքի է այսօրվա մեր շոու-բիզնեսի երգիչ-երգչուհիների մասին. «Ներկայիս երգիչների կատարումները հիանալի են, պրոֆեսիոնալ, գեղեցիկ ելեւէջներով, այդ թվում՝ ջազային, բայց բոլորը կարծես երգում են նույն երգը, այսինքն՝ չկա անհատականություն: Իսկ հայկական երգարվեստն ունեցել է անհատներ, այնպիսին, ինչպիսիք են Ռաիսա Մկրտչյանը, Էլվինա Մակարյանը, Տաթեւիկ Հովհաննիսյանը, չմոռանամ՝ Բելլա Դարբինյանը… Հետեւում եմ եւ երկրպագում մեր երգիչներին, որոնք մասնակցում են եվրատեսիլյան մրցույթին: Մեկ, երկու, երեք հայ մասնակիցներից հետո դադարեցի դիտել այն: Հիասթափվեցի, որովհետեւ հավատացնում եմ՝ դա մաֆիա է, ինչն, ի դեպ, վաղուց գործում է ոչ միայն «Եվրատեսիլում»: Հարցին՝ ինչո՞ւ ձեր տարիների եւ ներկայիս խորհրդային եւ ոչ մի երգիչ այդպես էլ չհայտնվեց համաշխարհային շոու-բիզնեսում, Զառա Տոնիկյանը պատասխանեց. «Նախորդ հարցի առնչությամբ օգտագործեցի մաֆիա բառը, նույնն այստեղ է: Ի դեպ, ողջունելի է, որ կրտսեր կոլեգաներս դուրս են գալիս արեւմտյան բեմեր, ճիշտ է՝ հիմնականում ունենալով հայ հանդիսատես, բայց ո՞վ գիտե: Գուցե գա մի օր, որ նրանց կատեն արտասահմանցի մենեջերներն ու իմպրեսարիոները: Այնպես, ինչպես Օրբելյանի ղեկավարած տարիներին նվագախմբի արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ, հավատացնում եմ, մեր հանդիսատեսի գերակշիռ մասը օտարերկրացիներ էին»:

Վերջերս թողարկվել է հայկական ջազային անթոլոգիա՝ «arm jazz 75», որը ներկայացնում է հայ երաժիշտների ջազային կատարումներ (109 ստեղծագործություն), CD-ներից մեկում նաեւ Զառա Տոնիկյանի «NO STRINGS» հայտնի ստեղծագործության մեկնաբանությունն է:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

07,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728