Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը Երեւանում տարածք է գնել ու պարզել, որ հողի մի մասը սեփականաշնորհման վկայականում չկա

Փետրվար 07,2017 19:27

Կառավարությունը Երեւանի քաղաքապետին առաջարկել է համայնքի սեփականությունը հանդիսացող Ազատության պողոտայի 1/16 հասցեում գտնվող 369,75 մ2 մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը, որն էլ կհատկացվի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանությանը` դեսպանի կեցավայրի տեղակայման համար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգից:

Բանն այն է, որ ԱՄԷ դեսպանությունը ՀՀ կառավարության որոշման համաձայն գնել է Երեւան քաղաքի Ազատության 1/16 հասցեում գտնվող 0, 184066 հա մակերեսով հողամասը՝ դեսպանի կեցավայրի համար: Հողամասը գտնվել է պարսպապատված վիճակում: Հողամասը ձեռք բերելուց հետո դեսպանատան շենքը նախագծելու համար կատարվել են գեոդեզիա եւ սահմանների ճշգրտում, ինչի արդյունքում պարզվել է, որ դեսպանատան կողմից ձեռք բերված տան պարիսպների ներսում տան առջեւի եւ աջ հատվածում կա մոտ 587,62 մ2 տարածք, որը գրանցված չէ սեփականության վկայականում եւ չի համապատասխանում տան հատակագծին, չնայած, որ գտնվում է կառուցապատված պարսպի ներսում: Դրա փոխարեն տան ձախ կողմում կա տարածք, որը սեփականության վկայականով պատկանում է դեսպանությանը, սակայն պարսպից դուրս է եւ այնտեղ կառուցված է ավտոճանապարհ:

Որոշման նախագծից, որը կառավարության նիստում կներկայացնի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, տեղեկանում ենք, որ էմիրությունների դեսպանությունը դիմել է Երեւանի քաղաքապետարան վերոնշյալ հողատարածքները փոխանակելու հարցով, ինչի արդյունքում հողամասի ընդհանուր 587,62 մ2 տարածքից 217,87 մ2 տարածքն արդեն իսկ փոխանակվել է, իսկ մնացած 369,75 մ2 տարածքը հանդիսանում է հուշարձանի պահպանության գոտի, որն էլ կտրամադրվի անհատույց օգտագործման իրավունքով:

Ելնելով դրանից՝ անհրաժեշտ է Երեւանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող 369,75 մ2 հողամասը նախ նվիրել Հայաստանի Հանրապետությանը, ապա անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել Արաբական Միացյալ Էմիրություններին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728