ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանի հայտարարությունը.
Հարգելի խորհրդարան,
Ընդամենը 3 տարի առաջ, մենք միասին ընդունեցինք Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Կառավարության կողմից ներկայացված Սահմանամերձ համայնքներում իրականացվող տնտեսական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Մեր գործընկերների մի մասը չէր հավատում, որ կարճ ժամանակահատվածում արդյունքները կարող են լինել տեսանելի և նույնիսկ զգալի, սակայն պետք է նշեմ, որ դրանք իրոք իրենց երկար սպասեցնել չտվեցին:
Մեկ տարի առաջ Հանրապետության Նախագահը Տավուշի մարզի Չորաթան գյուղում անձամբ մասնակցեց համայնքում շուրջ 200 աշխատատեղեր ստեղծող ձեռնոցների արտադրության գործարանի բացման արարողությանը: Որոշ ժամանակ անց սկսեց աշխատել նաև նույն գործարանի Արծվաբերդի մասնաճյուղը՝ մոտ 100 աշխատատեղով:
Կարդացեք նաև
Արագացված տեմպերով ընթանում են Բերդ քաղաքի մայր գործարանի շինարարական աշխատանքները: Այն շահագործման կհանձնվի 2017 թվականին և կապահովի ավելի քան 600 աշխատատեղ:
Վերլուծելով մարզի ներկայիս իրավիճակը՝ ցանկանում եմ արձանագրել մի քանի փաստ վերոնշյալ համայնքների վերաբերյալ՝
- այդ համայնքներից ամբողջությամբ դադարել է արտագաղթը, ավելին՝ մեծ թվով ընտանիքներ վերադարձել են,
- բարելավվել է գործարար միջավայրը,
- ակտիվացել է պետություն – մասնավոր համագործակցությունը,
- Աստիճանաբար հաղթահարվում է աղքատության մակարդակը, լուծվում են կուտակված խնդիրները
- վերականգնվում է հավատը ապագայի նկատմամբ
- ժողովուրդն ավելի հպարտ է և ուժեղ, հոգով ամուր և պատրաստ դիմակայելու Ադրբեջանի կողմից սանձազերծվող ցանկացած ոտնձգություն
Մենք ճիշտ ճանապարհ ընտրեցինք՝ սահմանում մեծ աշխատանք է կատարվում: Սահմանամերձ տարածքներին իրենց աճող ներդրումն են անում պետության զարգացման գործում: Անելիքները շատ են, սպասումները բավականին մեծ՝ Կառավարության կողմից իրականացվող հետևողական քաղաքականության և անմիջական աջակցության շնորհիվ մարզում փոխվում են ներդրումային դաշտի հնարավորությունները, ներկայացվում են նոր ծրագրեր, նոր գաղափարներ:
Մեծ աշխատանք է կատարվում գյուղատնտեսության զարգացման համար, մասնավորապես՝ գյուղատնտեսական մթերքների մշակման ոլորտում, ծխախոտագործության, այգեգործության և անասնապահության բնագավառներում, արդեն հայտնի են նոր ներդրողներ, որոնց շնորհիվ էլ ավելի կմեծանա ստեղծվող աշխատատեղերի քանակը: Այս ծրագրերի իրականացմամբ որոշակիորեն կբարելավվի մարզի բնակչության սոցիալական վիճակը, պարզապես անհրաժեշտ է չկանգնել ձեռքբերումների վրա և իրականացնել նոր ծրագրեր սահմանամերձ համայնքներում՝ նոր աշխատատեղեր ստեղծելու համար: