Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր հրավիրած արտահերթ նիստում հաստատվեց ԱԺ ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում իրականացնելու թույլտվություն տալու մասին նախագիծը:
Ապրիլի երկուսին նախատեսված ընտրությունների ժամանակ թվով 1500 տեղամասում կտեսանկարահանվեն ու միաժամանակ համացանցով կհեռարձակվի ընտրությունների ընթացքը:
Հանձնաժողովը քննարկեց նաեւ մեկ այլ նախագիծ, որը վերաբերում էր թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովում թափուր տեղին: Թվով երեք քաղաքացի հանձնաժողովի անդամ դառնալու հայտ էր ներկայացրել, հանձնաժողովն արձանագրեց, որ ուսումնասիրվել են դիմումներն ու պարզել, որ երկու թեկնածուն չեն համապատասխանում ԸՕ այն չափանիշներին, որոնք որ հնարավորություն են տալիս ընդգրկվել հանձնաժողովում: ԿԸՀ-ն առաջարկեց համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին կրճատել թեկնածուների ցանկը, ըստ այդմ, ներկայացված երեք թեկնածուներից մեկը, որը համապատասխանել է ԸՕ չափանիշներին, կընդգրկվի հանձնաժողով:
Մեկ այլ նախագծով փոխվեցին երեք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների վայրերը՝ թիվ 16-ինը՝ Արմավիրում, 24-ինը Լոռու մարզում եւ 34-ը՝ Գորիսում: Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, հանձնաժողովների վայրերի փոփոխությունը խորհրդարանական ընտրությունների օրը հանձնաժողովների աշխատանքը հնարավորինս լավ կազմակերպելու հնարավորություն կտա:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ