Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ընտրություններին: Նա ասաց, որ երկու ամսից որոշելու ենք՝ ինչպիսի Հայաստանում ենք ուզում ապրել, արդյո՞ք ուզում ենք ապրել փոքրաթիվ հարուստների եւ մեծաթիվ աղքատների Հայաստանում:
Նա ասաց, որ մարդիկ պետք է ընտրեն՝ ուզո՞ւմ են շարունակել ապրել այն Հայաստանում, որտեղ մեր վճարած հարկերը վերածվում են կաշառակեր պաշտոնյաների շքեղ առանձնատների ու մեքենաների, այն Հայաստանում, որտեղ բիզնեսը ճնշված է, գիտնականը՝ անտեսված, մարդը՝ արժեզրկված, թե՞ ելք ենք գտնելու դեպի այն Հայաստան, որտեղ քաղաքացու իրավունքները պաշտպանված են տարատեսակ կամայականություններից, որտեղ աշխատանք գտնելը հեշտ լուծելի խնդիր է, ոչ թե շռայլություն:
Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ առաջիկա ընտրություններին մարդիկ ընտրելու են երկու տեսակի Հայաստանի միջեւ հնի եւ նորի, գորշի եւ լուսավորի, ճահճի մեջ մնալու եւ այդ ճահճից ելք գտնելու միջեւ: Նա ասաց, որ իրենք՝ «Ելք» դաշինքի անդամները ունեն բավականաչափ կամք, գիտելիքներ եւ անբասիր կենսագրություն՝ կատարելու այն փոփոխությունները, որոնց մասին հայտարարել են:
Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը 30 վայրկյանի հեղափոխություն էր առաջարկում, ասելով, որ գնացիր, ընտրեցիր, քվեաթերթիկը գցեցիր՝ այդ 30 վայրկյանում կարող ես անել հեղափոխություն:
Կարդացեք նաև
Հիմա էլ Էդմոն Մարուքյանը 2 րոպե է առաջարկում. «Ընդամենը 2 րոպե քվեախցում, որը կորոշի մեր առաջիկա 5 տարիների կյանքը: 2 րոպե խորացող ճահճում մնալու, կամ ելք գտնելու համար, 2 րոպե արտագաղթելու, կամ հայրենիք վերադառնալու եւ ընտրելու համար»:
Նա ասաց, որ երկու ամսից ունենալու ենք 2 րոպե ժամանակ՝ դա անելու եւ կոչ արեց մարդկանց օգտվել այդ 2 րոպեից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ