Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանը հիշեցնում է՝ Քոչարյանն իրեն  էլ է նախագահի թեկնածու առաջարկել

Փետրվար 07,2017 18:13

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի  ուղիղ եթերում ընթացող ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով օգտատերերի հարցերին, կարծիք  հայտնեց, որ դատական իշխանությունը նախկինում ավելի անկախ էր, քան այսօր: Վարդան Օսկանյանը, վկայակոչելով միջազգային զեկույցները, ասաց, որ Հայաստանը դիտարկում են որպես ավտորիտար պետություն:

Օգտատերերից մեկի հարցին՝ «Մտնում եք քաղաքականություն, որ ի՞նչ անեք, չե՞ք գտնում, որ ժամանակն է երիտասարդները  ղեկավարեն», Վարդան Օսկանյանը վստահեցրեց, որ իրեն պաշտոնը չի հետաքրքրում, եւ մի ուշագրավ բան պատմեց 2-րդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված:

Վարդան Օսկանյանի խոսքերով՝ ինքը աթոռից չի կառչում, եւ դա մի անգամ արդեն ապացուցել է.«2007-2008 թվականներին ինձ համար հասանելի էր Հայաստանում ցանկացած պաշտոն, ցանկացած: Ինձ առաջարկվել է մնալ իմ տեղում՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում, ես ասել եմ՝ չէ, ասել են՝ լավ, թեթեւի մեջ՝ նախագահի խորհրդական, ասել եմ՝ չէ:  Ես հրապարակային երբեք չեմ ասել, երբ 2007 թվին արդեն պետք է իշխանությունը որոշում կայացներ, թե ով է իշխանության թեկնածուն լինելու՝ նախագահության, Քոչարյանի մտքում մի քանի թեկնածուներ կային: Մեկը, բնականաբար, Սերժ Սարգսյանն էր, եւ այդպես էլ եղավ, մյուսը՝ ես էի: Ես չգիտեմ ուրիշները կայի՞ն, թե՝ չէ: Այսինքն, Քոչարյանի մտքում կար Սերժ Սարգսյան եւ Վարդան Օսկանյան՝  որպես իշխանության թեկնածու, որը պետք է ներկայանար ժողովրդին, եւ ժողովուրդն իր քվեն տար: Ես նաեւ այդպիսի հնարավորություն եմ ունեցել: Քոչարյանը վերջում որոշում կայացրեց Սերժ Սարգսյանի մասով: Ես համոզված եմ, ելնելով նրանից, որ երբեք չեմ հարցրել, բայց ես գիտեմ, որ բանակի գործոնը, անվտանգության հարցերը, Սերժ Սարգսյանի փորձն այս ուղղությամբ, որ մենք դեռ պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, դա ծանրակշիռ գործոն էր իր որոշման մեջ, եւ ինքը փաստորեն կանգնեց Սերժ Սարգսյանի վրա»:

Ապա Պարոն Օսկանյանը, շարունակելով միտքն, ասաց.«Հիմա պատկերացրեք՝ եթե այլընտրանքը ես էի, ինձ համար ցանկացած պաշտոն արդեն հասանելի էր, բայց ես դա չցանկացա անել: Բայց կոնկրետ նաեւ պաշտոններ էին առաջարկվել, բայց ես մերժել եմ, ուզեցել եմ իսկապես ընդդիմութան մեջ լինել: Ինձ համար պաշտոնը՝ ամենաբարձրից՝ նախարարից մինչեւ խորհրդարանի անդամ, նշանակություն չունի: Ինձ հետաքրքրում է երկրում իրավիճակ փոխելը: Ինձ պետք չէ, որ որեւէ մեկն ինձ պաշտոն տա, ինձ պետք է ժողովուրդն ինձ պաշտոն տա, որ ես կարողանամ ժողովրդի կամքը իրականացնել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728