Լրահոս
Օրվա լրահոսը

«Զեփյուռն է խաղում թփերում». Կարեն Ավագյանը՝ Նաիրա Զոհրաբյանի նշած «մառոզի» մասին

Փետրվար 07,2017 17:55

Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց ազգ-բանակ կոնցեպտի մասին: Նա հայտարարեց, որ ընտրությունների այս նախաշեմին կուսակցությունները ազատամարտիկների որս են սկսել:

Ռուբեն Գեւորգյանն ասաց, որ ազգ-բանակը պետք է կարողանանք մեր մեջով անցկացնել ու դառնալ բռունցք. «Ազգ-բանակ ունենալ՝ ամենեւին չի նշանակում, որ մեր երկրում պիտի ամենուրեք աչքի զարնի զինվորական հագուստով մարդը, այլ բոլորի գիտակցության մեջ պիտի իշխի արյան այն գաղափարը, որ հայրենիքին սպառնացող վտանգի պահին մեր բոլորիս կյանքը պատկանում է մեր հայրենիքին»:

Ըստ նրա, լինել կատարյալ հայ մարդ նշանակում է լինել հայրենիքի զինվոր լինել: Նա խոսեց հայրենիքի համար մեռնել ցանկացողների եւ նրանց մասին, որոնք, իր խոսքերով՝ անգամ սարսափում են իրենց տեսնել դագաղում:

ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն էլ խոսեց կոռուպցիայի մասին: Նա ասաց, որ այս օրերին շատ մոդայիկ է դարձել կոռուպցիայի մասին խոսելը. «Ես էլ չեմ ուզում հետ մնալ մոդայից ու այսօր կխոսեմ ցանկացած առաջընթաց խոչընդոտող այդ ախտի մասին։ Կոռուպցիան չարիք է։ Եթե այս հարցում կոնսենսուս չկա հանրության մեջ, ուրեմն կոռուպցիան տարեցտարի կաճի, ոչ թե կնվազի»:

Կարեն Ավագյանը տարբեր երկրներում կոռուպցիայի և դրա ընկալման մակարդակի մասին միջազգային հանրահայտ մի վերլուծություն մեջբերեց, ասելով. «Համոզված եմ՝ շատերդ եք տեսել։ Հայաստանը բացարձակ չեմպիոն էր. գիտե՞ք ինչ հարցում։ Մենք միակն էինք, որտեղ կոռուպցիայի ընկալումն ավելի քան 3 անգամ գերազանցում էր կոռուպցիայի իրական մակարդակը։ Ավելի քան երեք անգամ։ Այլ երկրներում ճիշտ հակառակն էր, կոռուպցիայի մակարդակն էր անգամներով գերազանցում ընկալման մակարդակը։ Արդյունքում կոռուպցիայի մակարդակով մենք ունեինք մոտավորապես համադրելի վիճակ, ասենք, Վրաստանի և Բելառուսի հետ, բայց կոռուպցիայի ընկալման մասով մոտ 10 անգամ ավելի էինք։ Ժողովրդական լեզվով ասած՝ բայղուշության տարրեր կան այս վիճակի մեջ»:

Ըստ նրա, անընդհատ գոռալով հանրահայտ ճշմարտությունը կոռուպցիայի մասին՝ իրականում վատություն ենք անում մեր երկրի զարգացմանը. «Ես իմ անունից հայտարարում եմ, որ այլևս երբեք մակերեսային պնդումներ չեմ անելու կոռուպցիայի վտանգավորության մասին։ Այս պահից ես ինձ դուրս եմ դնում մոդայից։ Կխոսեմ կոռուպցիայի մասին միայն կոնկրետ առաջարկությունների մասով՝ ցույց տալով դրանց հակակոռուպցիոն կողմերը։ Թույլ տվեք նույնը խորհուրդ տալ բոլորին»։

Ելույթի վերջում Կարեն Ավագյանն անդրադարձավ  Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, որն ասել էր, որ մարզպետներից մեկը հավաքել է ԲՀԿ-ական գյուղապետերին եւ սպառնացել, ահաբեկել, թե ես մառոզ եմ անում: Կարեն Ավագյանի խոսքերով՝ «Քանի որ թեման հետաքրքիր էր՝ քամիների եւ մառոզների հետ կապված, հայտնի երգից մեջբերում անեմ՝ «Զեփյուռն է խաղում թփերում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728