Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը

Փետրվար 07,2017 17:47

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագենի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է Շվեդիայի հետ բազմակողմ եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաեւ համապարփակ միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Խորհրդարանի ղեկավարն գոհունակությամբ արձանագրել է, որ երկկողմ հարաբերությունները նոր թափ են ստանում, վերջին շրջանում ակտիվացել են նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ շփումները: Ըստ ԱԺ նախագահի՝ փոխգործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ դեռեւս անելիքներ կան: Այս համատեքստում Գալուստ Սահակյանն անդրադարձել է միջխորհրդարանական հարթակներում երկկողմ համագործակցությանը: «Մեզ համար չափազանց կարեւոր է սերտ փոխգործակցությունը շվեդ պատվիրակների հետ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում»,- ասել է ԱԺ նախագահը: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը ժողովրդավարական գործընթացներում եւ վերահաստատել Հայաստանի՝ կառուցողական երկխոսությունը շարունակելու եւ խորացնելու պատրաստակամությունը: Գալուստ Սահակյանն ընդգծել է Շվեդիայի դերն Արեւելյան գործընկերության ձեւաչափի ստեղծման եւ կայացման գործում:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի մասին՝ ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ եղանակով եւ հավատարիմ է մնում իր որդեգրած սկզբունքին: «Հայկական կողմը կարեւորում է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Ցավոք, Ադրբեջանը շարունակաբար ոչ միայն մերժում է միջազգային հանրության նախաձեռնությունները, այլեւ հակառակը՝ իր ռազմատենչ հայտարարություններով ու գործողություններով խոչընդոտում է ցանկացած նախաձեռնություն»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը, նշել է, որ այն եւս մեկ քայլ է ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ աշխարհում նման ոճրագործությունների կանխման համար:

Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդը, շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ ջերմ խոսքերի համար, նշել է, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Քեննեթ Ֆորշլունդը կարեւորել է շփումների ընդլայնումը միջազգային հարթակներում, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում:

Հյուրերի խնդրանքով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ-ում իրականացված սահմանադրական բարեփոխումների նպատակը եւ մանրամասնել գործընթացի փուլերը:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728