Լրահոս
Օրվա լրահոսը

Զենքի վաճառքի հանդեպ «պարզապես բիզնես է» մոտեցումը բումերանգի նման է

Փետրվար 07,2017 16:58

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը մերժեց բլոգեր Ալեքսանդր Լապշինի ներկայացրած բողոքն իրեն Ադրբեջանին արտահանձնելու որոշման դեմ և նա այժմ սպասում է արտահանձնման, որը կարող է լինել հաշված ժամերում (այդ մասին մեզ հայտնեց նրա փաստաբանը):

Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016 թ. դեկտեմբերի 15-ին Բելառուսում՝ Ադրբեջանի հայցման համաձայն: Պաշտոնական Բաքուն նրան մեղադրում է «անօրինական կերպով իր սահմանները հատելու», այսինքն` Լեռնային Ղարաբաղ այցելելու և ադրբեջանական պետականության դեմ կոչեր անելու մեջ:

Արդեն ավելի քան մեկ ամիս Լապշինի փաստաբանները, իսրայելցի դիվանագետները, լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և անգամ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունիա Միյատովիչը բարձրաձայնում են իրենց անհանգստությունն առ այն, որ արտահանձնման դեպքում Լապշինը կարող է Ադրբեջանում դառնալ վրեժխնդրության և անարդար տանջանքների զոհ՝ իր լրագրողական գործունեության և իր տեսակետները արտահայտելու համար՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ: Նշենք, որ Լապշինը Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի է, այդուհանդերձ իսրայելական և ռուսական դիվանագետների փորձերը ազդելու Մինսկի որոշման վրա անօգուտ են:

Իսրայել և Ռուսաստան

Լապշինի իսրայելական և ռուսական քաղաքացիությունները ակամայից հիշեցնում են Իսրայել-Ադրբեջան և Ռուսաստան-Ադրբեջան ռազմական առևտուրը: Այսպես, օրինակ, 2012 թվականին Ադրբեջանը Իսրայելից 1,6 միլիարդ դոլար արժողությամբ զենքի ներմուծման պայմանագիր էր կնքել: Ըստ Միջազգային խաղաղության հարցերի Ստոկհոլմի ինստիտուտի հրապարակած զեկույցի՝ 2010-2014թթ. ընթացքում Ադրբեջանը 2005-2009 թվականների համեմատ 249% ավելացրել է սպառազինությունների ներկրումը: Ըստ նույն զեկույցի՝ Ռուսաստանը մատակարարում է Ադրբեջանի զենքի 85%-ը:

Բնականաբար Ռուսաստանը զենք է վաճառում նաև Հայաստանին, սակայն ըստ վերոհիշյալ զեկույցի՝ վերջին տարիներին Հայաստանի կողմից ձեռք բերված զենքի ցուցանիշը կազմում է Ադրբեջանի ցուցանիշի ընդամենը 4%-ը: Փաստորեն, 2010 թվականից այս կողմ Ռուսաստանն ու Իսրայելը պատրաստակամորեն զինել են չլուծված հակամարտություն ունեցող ոչ ժողովրդավար ռեժիմի՝ Իլհամ Ալիևի կառավարությանը:

Բիզնես, որից տուժում են ոչ միայն հայերն ու ադրբեջանցիները

2016 թ. ապրիլին ԼՂՀ կոնֆլիկտի կտրուկ սրացումից և հարյուրավոր մարդկային զոհերից հետո թե հայկական կողմը, և թե միջազգային մի շարք ուժեր քննադատում էին Ռուսաստանին և Իսրայելին՝ ակտիվ հակամարտություն ունեցող երկրներին հարձակողական զենքեր վաճառելու համար: Քանի դեռ Իսրայելը, Ռուսաստանը կամ ռազմարդյունաբերությամբ զբաղվող որևէ այլ երկիր արդարացնում են իրենց նմանօրինակ քաղաքականությունը «սա ընդամենը բիզնես է» արտահայտությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գնալով սրվում է՝ մահացու ելքով միջադեպերի անդառնալի աճով:

Ավելին՝ անցած երկու հարյուրամյակների պատմությունը ցույց է տվել, որ ժողովրդավար պետությունները, որպես կանոն, չեն պատերազմում միմյանց դեմ, հետևաբար հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ կարգավորման միակ ուղին երկու երկրներում ժողովրդավարության ստեղծումն ու ամրապնդումն է: Բնականաբար, որևէ կողմի ավտորիտար կառավարությանը զենք վաճառելը չի նպաստում այս գործընթացին, մանավանդ, եթե կողմերից մեկը՝ պաշտոնական Բաքուն, ունի ֆինանսական միջոցներ աննախադեպ ծավալի զենք ու զինամթերք գնելու համար:

Իսրայելի և Ռուսաստանի քաղաքականությունը նպաստում է ավտորիտար կառավարությունների իշխանության ամրապնդմանը և թափ հաղորդում արդեն իսկ ահռելի ռազմատենչ տրամադրություններին: Այն նաև անպատժելիության զգացողություն է տալիս Ալիևին, ով այսօր կարծում է, որ հեշտությամբ կարող է լռեցնել ոչ միայն ադրբեջանաբնակ լրագրողներին, այլ նաև արտասահմանցիներին՝ այդ թվում Ալեքսանդր Լապշինին:

Փաստորեն, եթե Իսրայելի և Ռուսաստանի կառավարությունների ոչ հեռատես որոշումները մինչ վերջերս վնասում էին բացառապես հայերին և ադրբեջանցիներին՝ մասնավորապես խլելով սահմանին կանգնած 18-20 ամյա հարյուրավոր երիտասարդների կյանքեր, ապա այսօր դրանք զավեշտալի (և տխուր) զուգադիպությամբ վնասում են հենց Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձի:

Այդ որոշումները դադարել են վտանգավոր լինել միայն հայերի ու ադրբեջանցիների համար: Այսուհետ դրանք վտանգավոր են երրորդ երկրների անձանց համար՝ այդ թվում որոշում կայացնող երկրների քաղաքացիների:

Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728