Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մենք առանձնահատուկ կարևորում ենք Շվեդիայի խորհրդարանի հետ համագործակցության ակտիվացումը. Արտակ Զաքարյան

Փետրվար 07,2017 16:25

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստին

Հարգելի գործընկերներ,

Նախ և առաջ կցանկանայի ողջունել Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորությամբ, ՀՀ այցելության և ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվելու կապակցությամբ:

Ես լիահույս եմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովում երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստի անցկացումը իր դերն ու նշանակությունը կունենա երկու երկրների հարաբերություններում առկա պոտենցիալի ճիշտ զարգացման և ուղորդման գործում:

Հայաստանի և Շվեդիայի միջև դիվանագիտական հարաբերություններն ունեն 25 տարվա պատմություն, սակայն հայ-շվեդական առնչությունները գալիս են դարերի խորքից: Դեռևս 1970-ական թվականներից Շվեդիայում հաստատվել և տարիների ընթացքում երկրի հասարակական կյանքին ինտեգրվել է հայկական համայնքը: Շնորհակալ ենք Շվեդիայի իշխանություններին և շվեդ ժողովրդին հայ համայնքի հանդեպ բարեհաճ վերաբերմունքի համար: Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունների անցյալն ու ներկան և լիահույս ենք ապագայում առավել ակտիվ հարաբերությունների կենսագործմանը:

Հարգելի գործընկերներ,

Մենք առանձնահատուկ կարևորում ենք Շվեդիայի խորհրդարանի հետ համագործակցության ակտիվացումը: Երկու երկրների խորհրդարաններում ձևավորվել են միջխորհրդարանական բարեկամության խմբեր և կարծում ենք այդ խմբերը իրենց ուրույն դերն ու նշանակությունն ունեն երկուստեք առավել ակտիվ հարաբերությունների զարգացման գործում։

Պետք է փաստել, որ հայ-շվեդական  հարաբերություններին վերջին տարիներին բնորոշ է դինամիկ առաջընթացը. շփումներն ակտիվ են միջկառավարական, միջգերատեսչական և միջհամայնքային մակարդակում։ Այս առումով մենք ուրախ կլինեինք, եթե խորհրդարանական համագործակցությունը լիներ նույնչափ աշխույժ։ Հուսով ենք, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կլինի ավելի հավակնոտ ծրագրեր և համատեղ գործունեություն ծավալել նաև խորհրդարանական մակարդակում:

Անդրադառնալով հայ-շվեդական համագործակցության քաղաքական օրակարգին՝ պետք է նշել, որ այն ևս ակտիվացման փուլում է: Այսօր վստահաբար կարելի է ասել, որ Շվեդիան Եվրոպայում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերներից մեկն է և մենք ուրախ ենք փաստել, որ հարաբերությունները խորացնելու ցանկությունը երկուստեք է, ինչի մասին վկայում են հաճախակի դարձած բարձր մակարդակի փոխայցերը, Շվեդիայի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև ակտիվ երկխոսությունը, դեսպանությունների փոխադարձ հիմնումը, բազմաբնույթ կապերի ակտիվացումը, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության սերտացումը։

Այս օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստան-ԵՄ համագործակցությունը և Շվեդիան, որպես Արևելյան գործընկերության համահեղինակ, մեծ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Մենք մեծապես գնահատում ենք շվեդական կողմի ցուցաբերած աջակցությունն այդ համագործակցության հաջողության գործում և հուսով ենք, որ այսուհետ նույնպես կարող ենք ապավինել Ձեր երկրի աջակցությանը, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացում: Մենք գիտենք, որ Շվեդիան բարձր է գնահատում Հայաստանի և ԵՄ միջև հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը և բազմիցս արտահայտել է իր պատրաստակամությունը ԵՄ շրջանակներում աջակցել այդ գործընթացին և դրականորեն է վերաբերվում Հայաստանի ցանկությանը սերտորեն համագործակցել ԵՄ-ի հետ բոլոր հնարավոր ուղղություններով։ Եվրոպական Միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, ում հետ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Հաստատակամ ենք խորացնելու ԵՄ հետ համապարփակ համագործակցությունը՝ այն կառուցելով վերջին տարիների ձեռքբերումների հիման վրա: Մենք մեծապես կարևորում ենք ԵՄ հետ իրավական նոր շրջանակային փաստաթղթի ստորագրման շուրջ բանակցությունների մեկնարկը և արդեն մեկ տարուց ավել շարունակվող ու փոխադարձ վստահության մթնոլորտում տեղի ունեցող բանակցությունների ընթացքը: Վստահ եմ, որ վերջնական արդյունքը գոհացնող է լինելու թե´ Հայաստանի և թե´ ԵՄ համար։

Մենք առաջնային նշանակություն ենք տալիս նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացմանը: Ցավոք, մեր առևտրաշրջանառության ցուցանիշներն այնքան փոքր են, որ դժվար է անգամ դրանք բավարար համարել։ Միաժամանակ վստահ եմ, որ ներուժ կա ու հետևողականության դեպքում պատկերն ավելի գոհացնող կլինի։ Այս առումով մեծապես կարևոր էր անցյալ տարի Շվեդիայի ԱԳ նախարարի այցի ընթացքում մեր երկրների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի ստորագրումը։ Փոխշահավետ համագործակցության համար նպաստավոր իրավապայմանագրային բազայի ստեղծումը մեր շահագրգռությունների մեջ է:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, պետք է նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Շվեդիայի կողմից հավասարակշռված մոտեցումը ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Մենք կարևորում ենք նաև ԵԽԽՎ-ում շվեդական խորհրդարանական պատվիրակության կեցվածքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումների ժամանակ, ինչը տեղի չի տալիս խաղաղ կարգավորման գործընթացի խոչընդոտմանն ուղղված ադրբեջանական տարբեր սադրանքներին՝ հավատարիմ մնալով իր երկրի պաշտոնական դիրքորոշմանը:

Հարգելի գործընկերներ,

Առանձնահատուկ կերպով կցանկանայի անդրադառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ որպես նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում կարևոր հիմնահարցի, ինչպես նաև պատմական արդարադատության անհրաժեշտության գործոնի: Մենք բազմիցս ենք նշել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը միայն հայ ժողովրդի պատմական արդարության վերականգնման խնդիրն ու ցանկությունը չէ: Սա աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների արդարադատության պահանջն է մարդու ամենահիմնարար իրավունքի, այն է կյանքի իրավունքի խախտման դաժան նախադեպի ստեղծման  համար, ինչի անպատժելիությունը հետագայում հիմք դարձավ նոր ցեղասպանությունների իրագործման համար՝ Հոլոքոստ, Ռուանդա, Դարֆուր, այժմ Սիրիա:

Մենք երախտապարտ ենք բոլոր այն անհատներին և երկրներին, ովքեր տարիների ընթացքում սատարել են մեզ մեր պայքարի ընթացքում ։ Ուրախ եմ, որ դրանց թվում է նաև Շվեդիան, որի խորհրդարանը՝ Ռիկսդագը, 2010թ. մարտին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունեց։ Տեղյակ եմ այդ գործում Ձեր ներկայացրած կուսակցությունների մեծամասնության աներկբա կեցվածքին ու դերակատարմանը: Կարծում եմ՝ սա օրինաչափ ու բնական էր Շվեդիայի կողմից համամարդկային արժեքների պաշտպանության գործում որդեգրած կեցվածքի պարագայում: Լիահույս ենք, որ Շվեդիայի ներկայիս կառավարությունը կորդեգրի 2010թ. բանաձևի իրագործման քաղաքականություն, ինչպես և խոստացել էր։

Հարգելի գործընկերներ,

Մեկ անգամ ևս ցանկանում եմ ողջունել Ձեզ այսօր ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվելու համար: Ես լիահույս եմ, որ համատեղ այս նիստի անցկացումը ուղենիշ կհանդիսանա առավել ակտիվ հարաբերությունների զարգացման գործում:

 

Շնորհակալություն, ուշադրության համար:

 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728