ԱԺ-ում «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանին հիփոթեքի տոկոսներից հարցրեց. «Դա արտոնյա՞լ պայմաններ են: Ես ուսումնասիրել եմ բավականին երկրների փորձը՝ մինչեւ 3 տոկոս է, 5-7 տոկոս է»:
Նա ասաց, որ մեզ մոտ մարդիկ կարողանում են 10-11%-ով վարկ ձեւակերպել՝ ո՞րն է հիփոթեքի առավելությունը: Նաեւ հարցրեց՝ ԿԲ-ն ունի՞ լծակ փոխելու հիփոթեքային վարկի տոկոսադրույքը. «Անունը շատ շահագրգռող է, բայց այդ տոկոսադարույքը, եթե համեմատենք մի քանի երկրների հետ, դուք նորմա՞լ եք համարում, հասանելի՞ է հասարակությանը, թե՞ ոչ»:
Ներսես Երիցյանը պատասխանեց, որ տարբեր հիփոթեքային վարկեր կան՝ տարբեր ռիսկերով. «Բոլորը համատարած 12 տոկոս չեն: Դոլարային հիփոթեքները ավելի ցածր են»: Նա ասաց, որ վարկեր կան՝ 6-7% են՝ հասանելի մարդկանց:
Երիցյանը համեմատեց ՌԴ-ի, Բելառուսի հետ ու ասաց, որ մեր վիճակը լավ է. «Այն երկրները, որոնք մատնանշեցիք՝ 3-4 տոկոս, դեպոզիտը 0 տոկոս է այդ երկրներում: Մեր դեպոզիտի տոկոսը 8-9 տոկոս է, բնական է, որ 12 տոկոսը բավականին նորմալ է: Մարդիկ ասում են՝ եթե ավանդի համար 10 տոկոսից պակաս են տալու, հենա փողս կպահեմ տունը»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է տոկոսները իջեցնելուն՝ Ներսես Երիցյանն ասաց, որ ադմինիստրատիվ լծակներ ԿԲ-ն չունի իջեցնելու: Վահրամ Բաղդասարյանը գոհ չէր պատասխանից, նա ասաց, որ հստակ ցանկ ունի երիտասարդ ընտանիքների, որոնք սոցիալական խնդիրներ ունեն, չեն կարողանում այդ վարկերից օգտվել: Նա առաջարկեց բանկերի հետ նորմալ աշխատել:
Ներսես Երիցյանը հակադարձեց, որ բավականին շատ երիտասարդներ էլ ինքը գիտի, որոնք օգտվում են այդ վարկերից. «Եթե ի վիճակի են, կառավարության կողմից սահմանված պահանջներին բավարարում են, նրանք բորլորը օգտվում են այդ հիփոթեքային վարկերից՝ տասնյակ հազարավոր երիտասարդներ օգտվում են, այդ վարկերը 200 մլն-ից անցնում են: Տոկոսը իջեցնեն՝ կլինի այլ հարց, թե վարկը վերցրել են, չեն կարողանում տալ, տոկոսի տակ են: Դրա համար տրամաբանական պայմաններ են սահմանվել, մարդը պիտի հասկանա ինչ պայմաններով վարկը վերցնի, որ վաղը, մյուս օրը կարողանա 10 տարիների ընթացքում մարի: Սա այն հակասությունն է, որ սկզբից բոլորը համաձայնում են պայմաններին, հետո չեն կարողանում տալ ու ստացվում է, որ բոլոր պայմանները վատն են: Դա վարկ է, նվեր չի, էլի, Ձմեռ պապիկը չի տալիս: Դա իմ դեպոզիտն է, ձեր դեպոզիտն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ