«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր լրագրողներին ներկայացվեց «Ռազմական և հարակից տերմինների ադրբեջաներեն-հայերեն, հայերեն-ադրբեջաներեն համառոտ բառարանը», որի հեղինակը միջազգային հարաբերությունների մասնագետ Էդգար Էլբակյանն է:
Նա տեղեկացրեց, որ բառարանը բաղկացած է 1200 բառահոդվածից եւ գրեթե նույնքան բառային օրինակից. «Որոշ լեզվական դժվարությունների ենք հանդիպել: Տերմինների նշանակալի մասը վերցրել ենք ռուսական ռազմագիտական դպրոցից, բայց ադրբեջաներենը երիտասարդ լեզու է, որում տերմինների կայացվածությունն ավելի թույլ է»:
Հեղինակը նշեց, որ բառարանագրական որոշ սկզբունքներ անտեսվել են՝ ի շահ աշխատության հեշտ օգտագործման. «Հիմնական սպառողը մասնագիտական գերատեսչություններն են: Կան առանձին անհատների կողմից հարցումներ եւս, բայց պարզաբանեմ՝ սա հատուկ հրատարակություն է՝ սահմանափակ տպաքանակով: Այն առաջին հրատարակությունն է, ու առայժմ գրքի տարածումը շատ սահմանափակ է»:
Կարդացեք նաև
«Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն իր հերթին նկատեց, որ նման աշխատություն նախկինում լույս չի տեսել. «Սա զարգացող ծրագրի մաս է: Ակնկալում ենք արձագանքներ մասնագետներից եւ գերատեսչություններից: ՊՆ-ն արդեն իսկ հետաքրքրվել է, եւ քննարկում ենք՝ ինչպե՞ս ներկայացնել բառարանը»:
Բանախոսները տեղեկացրին, որ առաջիկայում կաշխատեն գրքի նոր տարբերակի վրա, որն ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի մեկ տարուց: Կարեն Վրթանեսյանը նաեւ հայտնեց, որ փետրվարի վերջին մեկնարկելու է Ադրբեջանում իրադարձությունների լուսաբանման առանձնահատկությունների մասին լրագրողական սեմինար, որի կազմակերպիչն է «Զորակն» գիտակրթական հիմնադրամը:
Մանրամասն ՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ