Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական «պուտինոմիկան» մեռած է. Մեծ շրջադարձի ժամանակը

Փետրվար 07,2017 22:00

ՀՀ ներկայիս կառավարության հարյուր օրը լրացավ, սակայն, մեծ հաշվով, այդպես էլ պարզ չէ, թե ինչ նոր ռազմավարություն է այն որդեգրել: Իսկ պարզ չէ, որովհետեւ Հայաստանի տնտեսության գործունեության բազան եւ միջազգային շրջանակները մնում են անփոփոխ: Իհարկե, կոռուպցիայի դեմ «ձեռի հետ» կպայքարեն, նույնիսկ գուցե մի քիչ կկրճատեն, բայց բազան մնում է նույնը: Համենայնդեպս, այլ բան ասված եւ գրված չէ:

Իհարկե, նոր վարչապետն «արա»-ով չի դիմում ենթականերին կամ դժգոհ քաղաքացիներին, նաեւ վարժ խոսում է ռուսերեն, իսկ կոռուպցիան կամ կրիմինալի եւ քաղաքականության սերտաճումը խորհրդանշող անձանց այլեւս չենք տեսնում նախարարների շարքում: Բացի դրանից, բյուջեի վրա անխնա պարազիտացող ԾԻԳ-երը փակվել են, եւ եթե ավանսով սա համարենք որպես ձեւավորված միտում, այլ ոչ թե միանվագ կամ փիար-քայլ ընտրություններին ընդառաջ, ապա առջեւում լուրջ փորձություններ են:

Անշուշտ, Հայաստանը կարիք ունի լրջագույն եւ հիմնարար բարեփոխումների, եւ աքսիոմ է, որ տարածաշրջանային անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեր երկրին ցնցումներն ուղղակի հակացուցված են: Սակայն ունի՞ ներկայիս կառավարությունն առաջիկա փորձությունները հաղթահարելու ներուժը, եւ որքան «հեռու» կարող է գնալ կառավարությունը: Սա, թերեւս, այսօր էլ մնում է հարցերի հարցը, որն առայժմ մնում է անպատասխան:

«Բարեփոխում» ասվածն էլ, ինչի կարիքն ունի Հայաստանը, հարաբերական է, որովհետեւ այս հետխորհրդային տնտեսակարգը, որը մի շարք միջազգային փորձագետների կողմից կոչվել է «պուտինոմիկա»՝ ենթակա չէ՛ բարեփոխման որեւէ հետխորհրդային երկրում, իսկ Հայաստանի պարագայում՝ առավել եւս:

Հայկական «պուտինոմիկան», ի տարբերություն ռուսականի, զուրկ է ածխաջրածնային ռենտայից: Սակայն, ունենալով գրեթե նույն ինստիտուցիոնալ կառուցվածքը եւ գործունեության տրամաբանությունը, առավելագույնս հարմարեցված էր ռուսական համակարգին եւ «պարազիտանում» էր ռուսականի վրա: Երբ իրաքյան երկրորդ պատերազմի ժամանակաշրջանում նավթը հասավ մինչեւ $140-ի մեկ բարելի դիմաց, պետական մտածողությունից զուրկ ՀՀ ղեկավարությունը մտածեց, որ կարելի է այդ ամենից «օգտվել»: Եվ «օգտվեց»:

Իսկ դրա համար պետք էր ոչ թե մտածել երկրի տնտեսության որակական զարգացման մասին, այլ, եթե հարցը սխեմատիկ դիտարկենք, աշխատող քաղաքացիներին «արտահանել» Ռուսաստան, նրանցից ստացած տարադրամը Հայաստանում փոխանակել դրամի, ցույց տալ երկնիշ տնտեսական աճ, հավաքված գումարը ներդնել «էլիտար» անշարժ գույքի մեջ, դրանից էլ դրամ կորզել: Իսկ որպեսզի համակարգն առանց «ճռռալու» աշխատի՝ անհրաժեշտ է «խորացնել-ընդլայնել» Ռուսաստանի հետ «դարավոր բարեկամությունը». տնտեսության ակտիվները հանձնել Ռուսաստանին, մնացածը՝ օլիգարխներին, սպանել փոքր բիզնեսը, կառուցել սեփական «իշխանության ուղղահայացը», պուտինյանի հանգույն, բազմապատկել պատժիչ ապարատը: Մոսկվայում այս մոտեցումը, բնականաբար, ողջունվեց, եւ, ինչպես ասում են, «այծը մտավ բոստանը»:
Սակայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամը սպանեց հայկական այդ «պուտինոմիկան» շատ արագ, օբյեկտիվ պատճառներով: Զավեշտալի է, որ նավթ չունեցող Հայաստանը նավթի գների անկումից ոչ թե շահում է, այլ ընկնում ցնցումների մեջ, եւ ՀՀ տնտեսությունը 2009-ից դոփում է տեղում:

Այլ է Ռուսաստանի պարագան: «Պարարտ» տարիները հնարավորություն տվեցին Մոսկվային կուտակել ռեզերվային ֆոնդերում գրեթե քառորդ տրիլիոն ԱՄՆ դոլար, որը հսկայական ամրության պաշար էր: Սակայն ներկայումս այն $100 միլիարդից էլ պակաս է, եւ այս տարի այն կսպառվի ամբողջությամբ, եւ նավթի գնի համեմատաբար «տանելի» գինն էլ բավարար չէ այդ ֆոնդերում ներհոսք ապահովելու համար:

«Ոսկե ձկնիկ» հեքիաթի պառավի համախտանիշը եւ շեքսպիրյան Մակբեթի դրաման ներծծվել են Ռուսաստանի պետության եւ հասարակության հյուսվածքի մեջ եւ անիմաստ են դարձնում ցանկացած խոսակցություն բարեփոխումների մասին: Ինչպես եւ ԽՍՀՄ-ի վերջին տարիներին, ներկայիս Ռուսաստանը, որը մնում է մինչեւ վերջ չփլուզված կայսրություն, կանգնած է մեծագույն ռիսկերի առաջ, եւ այդ ռիսկերից օբյեկտիվորեն «բաժին է հանված» նրա հարեւաններին, այդ թվում եւ հատկապես՝ Հայաստանին, որն իրեն չխնայելով՝ «էնտուզիազմով» մեծացնում էր Ռուսաստանի դերն ու նշանակությունը երկրի կյանքի եւ քաղաքականության բոլոր ոլորտներում: Մյուս կողմից՝ «ռուսկի միր» կառուցելու ձգտող Մոսկվան ինքն էր Հայաստանի «մատներին խփում», երբ Երեւանը փորձում էր դիվերսիֆիկացնել իր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ, օգտագործելով բոլոր լծակները, որոնք Հայաստանն անխնա բաշխում էր նրան տարիներ ի վեր, առանց մտածելու հետեւանքների մասին:

Այո, «պուտինոմիկան» Հայաստանում վաղուց մեռած է, բայց մեռնող ռուսական «պուտինոմիկայի» ճիրաններից դուրս գալու կամքն էլ՝ հետը: Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը կարճատես քաղաքական հաշվարկների վրա հիմնված արատավոր քաղաքական որոշումների հետեւանքն է: Հետեւաբար իրավիճակի ուղղումը կարող է սկսել, նախ, քաղաքական հարթության վրա: Կրեմլը թյուրիմացաբար սարսափում է հասարակական շարժումներից, «մայդաններից», «էլեկտրիկ-երեւաններից», կոռուպցիայի դեմ պայքարից, արդար ընտրություններից՝ առանց հասկանալու, որ դարը փոխվում է ոչ միայն եւ ոչ այնքան հրապարակներում հավաքվելուց, որքան այն ամենից, ինչ արեց Սթիվ Ջոբսը, ինչ անում է Իլոն Մասքը: Եվ այդպես է փոխվել ու փոխվում աշխարհը՝ առաջ բերելով նոր հասարակական եւ տնտեսական հարաբերությունների անհրաժեշտություն: Մոռացան նույնիսկ Սաուդյան Արաբիայի 1982թ նավթի նախարար շեյխ Ահմեդ Յամանիի նախազգուշացումը. քարե դարն ավարտվեց ոչ այն պատճառով, որ քարերը վերջացան, եւ մի օր էլ նավթի դարն է ավարտվելու…

Իսկ Հայաստանը դեռ «զարգացնում է» հանքարդյունաբերությունը, կառավարությունը խոսում է Լարսից, Աբխազական երկաթուղուց, ծիրան-պոմիդոր-կոնյակից եւ դրանք Լարսով Ռուսաստանում ծախելուց, ԵՏՄ-ի առաջ պարտավորություններից, գազպրոմ-ռոսնեֆտի հետ «հարաբերությունները զարգացնելուց», Իրանի հետ, Եվրոպայի հետ հարաբերությունները պայմանավորում այդ ԵՏՄ-ով, շատ «զբաղված» է Դավոս գնալու համար եւ այլն:

Մինչդեռ Հայաստանին անհրաժեշտ է Մեծ շրջադարձ. քաղաքական գործընթաց, որը դուրս կբերի երկիրը այդ արտաքին եւ ներքին կապանքներից եւ թույլ կտա օգտվել այն պատմական հնարավորություններից, որոնք բացվել են Արեւմուտքում եւ Հարավում, եւ անցկացնել հասարակական-քաղաքական եւ տնտեսական համակարգերի ֆունդամենտալ ռեֆորմներ՝ աղբանոցն ուղարկելով այն ամենը, ինչն այլեւս կենսունակ չէ:

Արդյո՞ք ՀՀ ներկայիս կառավարությունը հենց այն «շարժիչն» է, որն ընդունակ է համարժեք իմպուլս հաղորդել պետական մեքենային: Ցավոք, հարցն առայժմ մնում է հռետորական հարցերի շարքում: Նույնը, ցավոք, քաղաքական դաշտի պարագայում: Իսկ ժամանակը սկսել է հետհաշվարկը: Բոլորիս ժամանակը:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

07.02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռաֆիկ says:

    Շատ հետաքրքիր, ներկայիս իրական պատկերը արտացոլող լրագրություն;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728