Փետրվարի 7-ը ՀՀ-ում նշվում է որպես համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնության հեղինակը բլոգեր, այժմ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանն է: «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր նա ասաց, որ 2012թ.-ին, երբ «ֆեյսբուքյան» գրառմամբ կոչ արեց համացանցում գրել հայատառ, այն մեծ արձագանք ստացավ. «Այդ ժամանակ հիմնական հարցերը վերաբերում էին նրան, որ չկային համացանցում հայատառ գրելու տեխնիկական հնարավորություններ: Հինգ տարի է անցել, եւ խնդիրը լուծված է: Համացանցին միացված բոլոր սարքերն ունեն հայատառ գրելու հնարավորություն, իսկ ծրագրերը հնարավոր է ներբեռնել անվճար»:
Զոհրապ Եգանյանը նկատեց՝ տարիներ առաջ հայտնի հասարակական-քաղաքական գործիչներներն անգամ լատինատառ էին գրում սոցցանցերում, իսկ այսօր ուրախալի է, որ շատերը միացել են նախաձեռնությանը. «Նախորդ տարի պատգամավոր Թեւան Պողոսյանն անգամ հարցը բարձրացրեց ԱԺ-ում՝ կոչ անելով նպաստել համացանցում հայատառ գրելու նախաձեռնության տարածմանը: Անգամ բջջային օպերատորներից մեկը հայատառ հաղորդագրություններ է ուղարկում ի բաժանորդներին»:
Թե հատկապես սոցցանցերում լատինատառ հայերենն ինչ խնդիրներ կամ զավեշտալի իրավիճակներ է ստեղծում, Եգանյանը որպես օրինակ ընդգծեց սեխի(sex-ի) հետ կապված հայտնի թյուրիմացությունը: Նաեւ նշեց, որ ժամանակին բջջային հաղորդագրություններ էր ստանում լատինատառ հայերենով՝ «Vchareq dzer turqery», որի դեպքում, ինչպես Եգանյանն է նկատում, «տուրքերի» փոխարեն կարդացվում է «թուրքեր»՝ «վճարեք ձեր թուրքերը»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ