Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվաբան. «Երրորդ մասում» խանութի վրա թուրքերենով գրված էր «յորղան» (Տեսանյութ)

Փետրվար 07,2017 13:39

Փետրվարի 7-ը Համացանցում հայատառ գրելու օրն է: Այդ առիթով «Տեսակետ» մամուլի ակումբում հյուրընկալվել էին լեզվաբան Լավրենտի Միրզոյանը  եւ «Ինտերնետ հանրություն» հ/կ-ի նախագահ Գրիգոր Սաղյանը:

Գրիգոր Սաղյանն ասաց, որ գործարկվել է .հայ դոմենը, եւ ըստ նրա, վաղուց ժամանակն է հայատառ տիրույթ ունենալ:

Ըստ այդմ, հայկական կայքերը կարող են գրանցել ոչ միայն .am, այլ նաև հայատառ. հայ տիրույթում: Պարոն Սաղյանը նշեց, որ 2016թ. փետրվարի 1-ից արդեն 345 գրանցված կա .հայ տիրույթում: Նրա ձեւակերպմամբ, նպատակն է մեծացնել գրանցումների թիվը ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում ու նպաստել հայոց լեզվի տարածմանը: «Օրինակ, Հնդկաստանը իր լեզվով 20 դոմեն ունի, նույնը Չինաստանը, մյուս երկրները»,-փաստեց նա, վստահեցնելով, որ դա նաեւ համացանցային անվտանգության խնդիր է: «Օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ամերիկան որպես աշխատանքային լեզու օգտագործում էր 300 հոգանոց հնդկացիական համայնքի լեզուն, եւ որեւէ մեկը դա չէր կարող հասկանալ»,- շեշտեց «Ինտերնետ հանրություն» հ/կ-ի նախագահը:

Լավրենտի Միրզոյանը ցավով փաստեց, որ  Հայաստանում չկա լեզվական քաղաքականության պետական ծրագիր, նշեց նաեւ, որ համացանցային լեզվի առումով վիճակն անմխիթար է, նույնն էլ կայքերում է ու հեռուստաեթերում: Նրա ձեւակերպմամբ, հատկապես կայքերի պարագայում բառերի ոչ հայերեն համարժեքներ շատ են օգտագործվում, եւ պատճառն էլ շտապողականությունն է՝ առաջինը լուրը տալու միտումով:

Նա պատգամավորության թեկնածուների հայերենի իմացությունը ստուգող թեստերին էլ անդրադարձավ, ասաց, որ որեւէ մեկը չի կարող 30 հարցին 50 րոպեում լիարժեք պատասխանել, եւ այդ թեստերն էլ գիտելիքները ստուգելու վերջնական ճիշտ ձեւը չեն:

Մամուլի շենքի հարեւանությամբ գտնվող DoubleTree by Hilton ցուցանակի մասին էլ խոսեց: Լավրենտի Միրզոյանն ասաց, որ օրենքը պահանջում է, որ պարտադիր հայերեն լինի: Մի դեպք էլ «երրորդ մասի» խանութներից մեկի մասին հիշեց: «Ցուցանակի վրա  խանութի տերը թուրքերեն տառերով գրել էր՝ «յորղան»: Ասացինք՝ գրի վերմակ ու ինչ ուզում ես,  վաճառիր: Լավ է, որ մարդը հասկացավ ու անունը փոխեց»,-պատմեց լեզվաբանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728