Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսներն, ի տարբերություն մեզ, խելք ունեն». Բագրատյանն առաջարկում է ռուբլու գոտի մտնել՝ մեր ԿԲ-ից ազատվելու համար

Փետրվար 07,2017 13:34

Այսօր ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցրեց՝ ինչո՞ւ պետք է իրավունքներն ու իրավասությունները վերապահված լինեն ԿԲ-ին, այլ ոչ թե ֆիննախին, ինչո՞ւ պետք է ներդրումային ֆոնդի հարցով զբաղվի ԿԲ-ն: Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ ԿԲ-ն ու նախարարությունը հավասարազոր պատասխանատու են:

Միքայել Մելքումյանը հարցրեց՝ մասնավոր հատվածը չի՞ ներառվելու, չե՞ք կարծում, որ այս միլիարդները դնել բյուջեի մեջ՝ նշանակում է վարել խիստ անարդյունավետ քաղաքականություն, երբ չգիտես մեզ 40 տարի հետո ինչ է սպասվում: Ասենք, դրամն արժեզրկվեց, ինչ է լինելու:

Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ սոցիալական ոլորտում բարեփոխում եթե ուզում ես անել՝ 20 տարի պիտի աչքիդ առաջ ունենաս. «Բա ի՞նչ եք ուզում, կենսաթոշակային հարցը պետք է լուծե՞նք, թե՞ ոչ` մի անգամ մեր երկրի համար: Մենք ուրիշ սխեմա չունենք, ընտրել ենք այս սխեման»:

Միքայել Մելքումյանը պատասխանից վրդովվեց. «Պարոն Հակոբյան, դուք էստեղ հայրենասիրական բոցաշունչ կոչե՞ր եք անում, կոնկրետ հարց է՝ պատասխանեք: Ասում եմ՝ 2 մլրդ է, 26-ը դարձել է 28, մասնավոր հատվածը մտնո՞ւմ է սրա մեջ, թե՞ չէ: Ի՞նչ եք ելույթներ ունենում՝ կուրծք ծեծելով, հստակ բաներ խոսեք: Հուլիսի 1-ից մասնավոր հատվածը մտնելո՞ւ է, թե՞ չէ»:

Հակոբ Հակոբյանն էլ արձագանքեց. «Կուրծք ծեծողը ես չեմ հստակ, բոլորը տեսնում են»: Նա ասաց, որ այդ 2 մլրդ-ը ավելացել է առաջին անգամ շուկա մտնողների հաշվին եւ աշխատավարձերի ավելացման հաշվին: Իսկ մասնավոր հատվածի հարցը ժամանակը կգա՝ կմտածեն. «Դա ձեր գո՞րծն ա»:

Գալուստ Սահակյանը փորձեց հարթել վեճը՝ հորդորելով կոռեկտ հարցեր տալ. «Ձենը բարձրացնելով՝ լավ բան չի դա»:

Հրանտ Բագրատյանը քննադատեց ԿԲ-ին՝ ասելով, որ սուտ թվեր է հրապարակում, ասում է՝ ակտիվները աճել են, բայց նման բան չկա, եւ ՀՀ նախագահն էլ նույն թվերը կրկնում է՝ առանց խորանալու. «Դուք խարիսխ չունեք, կառչել եք լողացող քաղաքականությունից, դուք չեք կարող լողալ: 25 թվին մտնելու ենք ռուբլու գոտի, ի՞նչ եք անելու, ի՞նչ եք կայունացնելու: Ռուսներն, ի տարբերություն մեզ, խելք ունեն: Երբ նավթը թանկանում է, ստերիլիզացնում են եկած փողը, երբ նավթն էժանանում է, այդ փողն օգտագործում են տնտեսության համար, բայց ռուսները երբեք, եթե թույլ չտային ռուբլու անկում, եթե պաշտպանեին ռուբլու կուրսը, Ռուսաստանը քանդվելու էր: Դուք ի՞նչ եք անելու, Վալովայային եկեք պատասխանեք: Գիտեք ինչ կա, մարդը սկսում է մտածել՝ գուցե լավը ռուբլու գոտին է, պրծնենք էս Կենտրոնական բանկից»:

Հրանտ Բագրատյանը հիշեց՝ բա մե՞զ էիք մեղադրում շուկայական ռեֆորմների, արեւմտյան տիպի ռեֆորմների համար, բա ձե՞զ ինչ ասենք. «Սա 25 տարի առաջվա քաղաքականություն է՝ անպտուղ, ոչինչ չտվող: Սա է պատճառը, որ ձեր երկիրը այլեւս երբեք տնտեսական աճ չի ունենա»:

Հրանտ Բագրատյանը ափսոսանք հայտնեց, որ նոր վարչապետի գալով՝ երկրում ոչինչ չփոխվեց, միայն ամեն ինչ խորացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728