Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ հաղորդման` ոստիկանները ծեծել են բերման ենթարկվածին

Փետրվար 07,2017 13:28

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Սպանության և գողության փորձ կատարելու մեջ մեղադրվող Արթուր Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 30.01.2016թ.-ին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից:

Դեռևս նախորդ տարի գողության և սպանության հանցափորձերի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Ս.-ն ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով ևս երկու հոգու հետ 30.01.2016թ.-ին ապօրինի մուտք է գործել Է. Հովհաննիսյանի` Վանաձորում գտնվող առանձնատուն: Այնտեղ, նկատելով ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկաններին, առանձնատուն ներխուժածները ապօրինի ձեռք բերված ատրճանակներից կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ: Վերջիններս էլ իրենց հերթին պատասխան կրակոցներ են արձակել:

Միջադեպից հետո նույն օրը ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի աշխատակիցները Արթուր Ս.-ին բերման են ենթարկել բաժին: Հատուկ քննչական ծառայությունում տրված հաղորդման համաձայն` նույն բաժնի պետի աշխատասենյակում, ոստիկանության չորս աշխատակից ծեծի են ենթարկել Արթուր Ս.-ին, հարվածել նրա մարմնի տարբեր մասերին` պահանջելով խոստովանել գողություն կատարելու և ոստիկանների վրա կրակելու հանգամանքը:

Բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728