Բաքուն և Կիևը համաձայնության են եկել արգելել Լեռնային Ղարաբաղից և Դոնբասից ապրանքների մուտքն իրենց տարածք՝ առանց պաշտոնական հաստատման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Բաքու կատարված այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները հրահանգել են Ուկրաինայի և Ադրբեջանի մաքսային կառույցների ղեկավարներին հանդիպել և քննարկել երկու երկրների օկուպացված տարածքներց եկող ապրանքների թույլտվության հարցը»,- ասել է Միշչենկոն:
Նրա խոսքով՝ արդյունքում ընտրվել է մեխանիզմ, որի համաձայն Լեռնային Ղարաբաղից, Դոնեցկից ու Լուգանսկից եկող արտադրանքը կարող է թույլատրվել միայն այն դեպքում, եթե դրանք արտոնագրված են Ուկրաինայի կամ Ադրբեջանի կողմից: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում արտադրվող ապրանքները կարող են հատել Ուկրաինայի սահմանը միայն Բաքվի կողմից հավանություն ստանալու դեպքում: Նույն սխեման կկիրառի նաև Ադրբեջանը՝ Դոնբասից ստացվող ապրանքների դեպքում:
«Օրինակ, շամպայնի մակնշումը: Եթե գրված է Ուկրաինա, Արտյոմովսկի գործարան (գտնվում է Դոնբասի տարածքում՝ Կիևի վերահսկողությունից դուրս), նշանակում է՝ ամեն ինչ կարգին է: Իսկ եթե ինչ-որ Նովոռոսսիա կամ այդ ոգով այլ բան, ապա, բնականաբար, Ադրբեջանը դրանք չի ընդունի»,- ասել է Միշչենկոն:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ