Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքը ոչ թե նոր հրամանագիր հրապարակելու, այլ հրապարակված հրամանագրում փոփոխություն կատարելու մասին է

Փետրվար 07,2017 11:00

Ընտրական գործընթացը դեռ իր մեկնարկային փուլում է, սակայն արդեն
ի հայտ եկան առանձին իրավական հարցադրումների վերաբերյալ խիստ իրարամերժ հայտարարություններ, խնդրահարույց մեկնաբանություններ: Հարցազրույց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանի հետ:

– Ինչպես առանձին իրավաբաններ, այնպես էլ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարել են, որ ընտրության օրը սխալ է նշանակվել, խախտվել է Սահմանադրությունը: Այդ կապակցությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի պարզաբանումը չբավարարեց պատգամավորին: Պատճառաբանությունն այն էր, որ որեւէ մեկն իրավասու չէ մեկնաբանել Սահմանադրությունը: Ինչպե՞ս կարող է լուծվել այս թնջուկը:

– Նախ, ընտրության օրը նշանակելու օրենսդրական հիմքը ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավական նորմն է, ըստ որի՝ հերթական ընտրությունն անցկացվում է խորհրդարանի լիազորությունների ավարտից, այսինքն՝ մայիսի 31-ից ոչ շուտ, քան 60, եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ: Նույն այս ժամկետն է սահմանված 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության 91-րդ հոդվածով, մինչդեռ՝ 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության 68-րդ հոդվածով նախատեսված է այլ ժամկետ՝ խորհրդարանի լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 40, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ: Այս առնչությամբ որպես փաստարկ է նշվում այն, որ հարկ էր ղեկավարվել ոչ թե հիշյալ 91-րդ, այլ 68-րդ հոդվածով, քանի որ այդ հոդվածը դեռեւս գործողության մեջ է: Եթե վիճարկվում է այն հարցը, թե որ հոդվածը պետք է հիմք ընդունվեր, ապա դա հարկ էր անել դեռեւս ՀՀ ընտրական օրենսգիրքն ընդունելիս, այդ փուլում պետք է տարաձայնությունը հարթվեր, քանի որ դրանից հետո հանրապետության նախագահն արդեն պարտավոր էր ղեկավարվել բացառապես սահմանադրական օրենքով, ինչը բխում է 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության դեռեւս 2015թ. դեկտեմբերի 22-ից գործողության մեջ դրված 5-րդ հոդվածից, ըստ որի՝ օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին եւ օրենքներին: Հավելենք, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, այն էլ՝ ծանրակշիռ քվե հավաքած: Տվյալ դեպքում, երբ պարզաբանում է տրվում որեւէ ենթաօրենսդրական ակտի իրավաչափության հիմքերի կտրվածքով, որի շրջանակներում ողջամտորեն հարկ է լինում հղումներ անել Սահմանադրության վրա, ապա դա չի կարող գնահատվել իբրեւ Սահմանադրության պաշտոնական մեկնաբանություն: Սահմանադրության պաշտոնական մեկնաբանության բացառիկ իրավասությունը վերապահված է Սահմանադրական դատարանին: Այս դեպքում հարկ է նաեւ նկատի ունենալ, որ գործնականում դեռեւս լայն տարածում ունի մեկնաբանությունը պարզաբանումից տարանջատելու հարցում առկա շփոթը:

– Պարոն Դանիելյան, ՀՀԿ կուսակցության խոսնակ, խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ հերթական ընտրության օրը սկզբունքային խնդիր չէ, ընտրությանը մասնակցող կուսակցությունների ու դրանց դաշինքների համաձայնության դեպքում այն կարող է վերանայվել: Ինչպե՞ս կարելի է փոխել ընտրության օրը, այդպիսի հնարավորություն նախատեսվա՞ծ է օրենսդրությամբ:

– Ընտրության օրը ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն, պետք է նշանակվի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 90 օր առաջ, ինչը եւ արվել է, քանի որ այս դեպքում խոսքը ոչ թե նոր հրամանագիր հրապարակելու, այլ արդեն իսկ հրապարակված հրամանագրում փոփոխություն կատարելու մասին է, ապա ընտրության օրը փոխելը չի հակասում օրենսդրության պահանջներին: Հավելենք, որ այդպիսի փոփոխությունը չի հանգեցնում ընտրական գործընթացին մասնակցող կուսակցությունների եւ դրանց դաշինքների իրավունքների սահմանափակմանը կամ որեւէ կերպ իրավական վիճակի վատթարացմանը, ինչը եւս հավելյալ փաստարկ է, որ այդպիսի փոփոխությունը չի կարող դիտարկվել, որպես ոչ իրավաչափ: Բայց, անգամ այդ պարագայում, փոփոխության հնարավորությունը փոխկապակցվել է քաղաքական ուժերի կամահայտնության հետ:

– Ընտրական գործընթացն ուղեկցվում է անսովոր աշխուժությամբ, ըստ էության, նախընտրական քարոզչության մեկնարկմամբ, լոկալ սոցհարցումների անցկացմամբ, նախընտրական շտաբների ձեւավորմամբ: Որքանո՞վ են օրինական նման քայլերը:

– Իհարկե, այս աշխուժությունը ավանդաբար բնորոշ է սոսկ նախընտրական փուլին եւ շատերի պարագայում կտրուկ սպառվում է՝ երբ հերթը հասնում է կոնկրետ աշխատանքին: Մասամբ այս անսովոր աժիոտաժը բացատրվում է օրենսդրության սկզբունքային նորամուծություններով, որոնց մեծամասամբ ծանոթ չլինելով, ոմանք դեռեւս գործում են իներցիայի կանոններով, եւ պատահական չէ, որ, օրինակ, երբեմն պնդում են, թե իրենք են դրել իրենց թեկնածությունները տվյալ ընտրատարածքում: Ինքնառաջադրում այլեւս գոյություն չունի, յուրաքանչյուր թեկնածուին առաջադրում եւ ապագա խորհրդարանի որակի համար առաջին հերթին պատասխանատու է կուսակցությունը, այլեւս չեն կարող լինել, այսպես կոչված, անկախ պատգամավորության թեկնածուներ: Որքան էլ դուք կամենաք լինել թեկնածու եւ վստահ լինեք, որ կընտրվեք, եթե ձեզ կուսակցությունը չի առաջադրում, դուք չեք ներգրավվի ընտրական ցուցակում:

Նախընտրական շտաբներ կարող են ձեւավորվել արդեն ընտրություններ նշանակելուց հետո, սակայն դա ոչ թե պետք է իրականացվի ենթադրյալ թեկնածուների, այլ կուսակցության կամ դրանց դաշինքի կողմից:

Ինչեւէ, որոշ իրավունքներ ծագում են մինչեւ դրանց մեկնարկի առնչությամբ պաշտոնապես իրավական ակտերով հայտարարելը, սակայն ասվածը չի կարող վերաբերել բոլոր բաղադրիչներին, իսկ թույլատրելի իրավունքները պետք է իրացվեն որոշակի սահմանափակումներով, որոնք անտեսելն առնվազն կուսակցական ներքին ժողովրդավարության բացակայության մասին է վկայում: Այսպես,ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսդրությամբ չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը, հետեւաբար, ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցության կառավարման մարմինները եւ նրանց կողմից լիազորված պատասխանատուները սկզբունքորեն կարող են արդեն այս փուլում հանդես գալ նախընտրական քարոզչությամբ, բայց այս դեպքում պետությունը դեռեւս չի կրում այդ հարցում նրանց աջակցելու, օրինակ, հավասար պայմաններ ապահովելու պարտականություն:

Ինձ համար կոնկրետ անհասկանալի է այն ելույթների ենթատեքստը, որոնք իրենցից դասական իմաստով ներկայացնում են հաղորդումներ՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մասին. եթե այդ անձինք տիրապետում են կոնկրետ փաստերի, ապա իրենց կենսագրական փորձը բավականաչափ հարուստ է՝ կռահելու համար, թե դրանք ո՞ր հասցեով պետք է ներկայացվեն:

Մամուլից տեղեկանում ենք նաեւ, որ ոմանք, չսպասելով ոչ միայն ԿԸՀ-ի կողմից գրանցվելուն, անգամ կուսակցության իրավասու մարմնի կողմից չառաջադրվելուն, արդեն կոնկրետ գործունեություն են ծավալում: Որոշակի կարգավիճակ չունենալու դեպքում նրանց կողմից ծախսեր կատարելը բոլոր դեպքերում հետագայում պետք է ներառվեն նախընտրական հիմնադրամ, եթե, օրինակ, քարոզչական բոլոր տեսակի նյութերի պատրաստման ֆինանսավորման համար օգտագործելու է կամ արդեն օգտագործել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը գերազանցող գումար: Ընտրական ներկայիս գործընթացները, նաեւ այս տեսանկյունից չափազանց բարդ են, ուստի պետք է հուսալ, որ կներդրվի համարժեք վարչարարություն՝ ֆինանսական պատշաճ վերահսկողություն իրականացնելու, իսկ հետագայում նաեւ հնարավոր իրավախախտումները բացահայտելու եւ քննելու համար:

– Պարոն Դանիելյան, Դուք հավաստիացնում եք, որ նախընտրական քարոզչությունը նաեւ նախընտրական այս փուլում չի հանդիսանում ընտրական օրեսդրության խախտում: Պաշտոնապես հայտարարված նախընտրական քարոզչության համար սահմանված արգելքներն այս դեպքում դարձյա՞լ գործում են:

– Բնականաբար, գործում են, մասնավորապես, արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական եւ համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս, դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողներին, ոստիկանությունում, ազգային անվտանգության, քրեակատարողական, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում ծառայողներին, զինծառայողներին եւ ընտրական հանձնաժողովների անդամներին:

Ընդհանրապես, լիազորությունները կամ աշխատանքային պարտականությունները կատարելիս նախընտրական քարոզչություն իրականացնելը իրավաչափ չէ ցանկացած կարգավիճակում գտնվող քաղաքացու համար, օրինակ, չի կարող դասախոսը շեղվել դասընթացի ծրագրից եւ իրեն հատկացված եւ բացառապես դասախոսական աշխատանքի համար վճարվող դասաժամին տարվել իր նախընտրած քաղաքական ուժին ներկայացնելով, կամ քաղաքական հակառակորդներին նսեմացնելով: Այս դեպքում գործ կունենանք պարզապես աշխատանքային կարգապահության կանոնների խախտման հետ:

– Նախընտրական շրջանում հայտարարություններ են արվում, որ, միեւնույն է, ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսների օգտագործման միջոցով իշխանությունները վերարտադրվելու են, նաեւ հնչում նախատեսվելիք գումարների մասին: Եթե ընտրությունների արդյունքներով պետք է ձեւավորվի կայուն մեծամասնություն, ապա ի՞նչ իմաստ ունի փոքրաթիվ ընդդիմադիրների գործունեությունը:

– Կայուն մեծամասնությունն ինքնին Սահմանադրական բարեփոխումների գերնպատակներից չէ, այն ոչ մի արժեք չէր ունենա, եթե երաշխավորված չլիներ նաեւ փոքրամասնության խնդիրը: Նախ, ընտրական օրենսդրությունը թույլ չի տալիս, որպեսզի որեւէ կուսակցություն ունենա մանդատների 2/3-ից ավելին: Բացի այդ, փոքրամասնություն ունեցող կուսակցությունները 2015թ. Սահմանադրությամբ ձեռք են բերել միանգամայն ազդեցիկ կարգավիճակ, մասնավորապես՝ խորհրդարանի կողմից պաշտոնյաների ընտրության, սահմանադրական օրենքների ընդունման, հանրաքվե նախաձեռնելու, սահմանադրական դատարան դիմելու, քննիչ հանձնաժողով կազմավորելու եւ այլ լիազորությունների կտրվածքով: Սա լակմուսի թուղթ է լինելու այդ քաղաքական ուժերի համար, քանի որ գրեթե անհնարին է լինելու միաժամանակ երկու լարի վրա խաղալը: Մյուս կողմից, սա հնարավորություն կտա առավել հստակ պատկերացում կազմելու քաղաքական այս կամ այ ուժի իրական ունակությունների մասին, քանի որ քննադատությունից զատ հանրությունը իրավաչափորեն պահանջելու է իրատեսական քայլեր:

Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ»

07,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728