Փետրվարի 5-ին Բուխարեստի Հայոց մշակույթի տանը` Դուդյան գրադարանում, Ռումինիայի Հայոց թեմը և Հայոց միությունը, ՀՀ դեսպանության հետ համատեղ, կազմակերպել էին Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը վարում էր Ռումինիայում հայտնի հրապարակախոս, գրող Պետրոս Խորասանջյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, ով հակիրճ անդրադարձ կատարեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված անկախ Հայաստանի առաջին քայլերին:
Խոսելով Հրանտ Դինքի կյանքի ու գործունեության մասին՝ դեսպանն անդրադարձավ ժամանակակից Թուրքիայում հայերի իրավունքների և ինքնության պահպանմանն ուղղված նրա պայքարին:
Այնուհետև, ելույթներով հանդես եկան հիմնական բանախոս, պատմաբան Սորին Անտոխին, պրոֆեսոր Գաբրիել Անդրեեսկուն և Ռումինիայի Հայոց միության նախագահ, գրող Վարուժան Ոսկանյանը:
Կարդացեք նաև
Նույն օրը Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց Մայր եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի պատարագ՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին, որից հետո Ռումինիայի Հայոց թեմի, Հայոց միության և ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակներ տեղադրվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին։
Հրանտ Դինքի հիշատակին նվիրված պատարագներ մատուցվեցին Ռումինիայի բոլոր հայկական եկեղեցիներում:
ՀՀ ԱԳՆ