Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի 24-ամյա բնակչուհին գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, անձանց մեղադրելով ծանր հանցագործության մեջ, 2015թ. հուլիսի 25-ին կատարել է սուտ մատնություն: Նա այդ օրը ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. հուլիսի լույս 23-ի գիշերը Իջեւան քաղաքի բնակիչ 4 տղամարդ Իջեւանի ավագ դպրոցի հարակից տարածքում գտնվող շինությունում իր նկատմամբ բռնություն գործադրելով եւ բռնություն գործադրելու սպառնալիքով, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն են ունեցել իր հետ:
Բացի այդ, նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2016թ. հունվարի 13-ին կատարել է սուտ մատնություն, այն է՝ քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու համար ոստիկանության Իջեւանի բաժնում նախապատրաստվող նյութերով բացատրություն է տվել այն մասին,որ Իջեւան քաղաքի Բլբուլյան 2-րդ նրբանցքի բնակիչ տղամարդը իր բնակարանը պոռնկությամբ զբաղվելու համար 2015թ. հուլիսի 4-ից մինչեւ 2016թ. հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար տրամադրել է իրեն:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ անչափահաս 3 երեխաների ծնողին,միայնակ մորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով եւ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 3 դրվագով: Մինչ դատաքննությունը սկսվելը կինը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր,խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Պատիժ նշանակելիս դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել նրա խնամքին 4 ամսական ու 5 տարեկան տղաների եւ երկու տարեկան ինն ամսական աղջկա առկայությունը, ինչպես նաեւ հաշվի է առել այն, որ նախկինում արատավորված չի եղել, 2-րդ խմբի մանկուց հաշմանդամ է, տառապում է «գլխուղեղի օրգանական ախտահարում, չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, վարքագծի նշանակալի խանգարումներով» հիվանդությամբ, ընդունում է մեղքը, անկեղծորեն զղջում կատարածի համար:
Կարդացեք նաև
2017թ. հունվարի 25-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է երիտասարդ կնոջը մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով, նրան վերջնականապես դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան նշանակելով 1 տարի ժամկետով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ