Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի որդու գրասենյակի արձագանքը՝ չառաջադրվելու մասին լուրերին

Փետրվար 06,2017 18:45

Ինչպես տեղեկացրել ենք, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող գյումրեցի ՀՀԿ-ականների շրջանակում համառ լուրեր են պտտվում այն մասին, որ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը, հնարավոր է եւ չմասնակցի առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին: Ըստ ՀՀԿ-ականների, Վարդան Ղուկասյանի՝ «Ծառուկյան» դաշինքով առաջադրվելը փոխել է պլանները. քանի որ ընտրապայքարն այս դեպքում կծավալվի ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրվող Մարտուն Գրիգորյանի ու Վարդան Ղուկասյանի միջև, հետևաբար և ՀՀԿ-ն ուժեղացնում է իր դիրքերը՝ համախմբվելով մեկ թեկնածուի շուրջ:

Տեղեկություններ են շրջանառվում, որ կոնկրետ այս դեպքում համաձայնություն է ձեռք բերվել Սամվել Բալասանյանի ու Մարտուն Գրիգորյանի միջև սատարել Մարտուն Գրիգորյանին: Պատգամավոր Մ. Գրիգորյանի գրասենյակից դեռ չեն շտապում պարզաբանել այս տեղեկությունները: Իսկ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուները, որոնք, ըստ էության, իրենք պետք է որոշեն՝ ում թեկնածությունն առաջադրել, ում թողնել, ում հանել ցուցակից (հիշեցնենք, որ ըստ նոր Ընտրական օրենսգրքի՝ ոչ թե թեկնածուն ինքն է որոշում իր առաջադրման մասին, այլ կուսակցությունը) խուսափում են պատասխանել Շիրակի մարզից առաջադրվող թեկնածուներին հետաքրքրող այս հարցադրմանը, քանի որ ամեն վայրկյան փոփոխություններ են տեղի ունենում ցուցակում, ու երբեմն պայմանավորվածությունները ձեռք են բերվում ոչ թե տեղի կառույցի ներկայացուցիչների, այլ ՀՀԿ վերնախավի հետ:

Ինչևէ, կա՞ արդյոք որեւէ համաձայնություն Սամվել Բալասանյանի ու Մարտուն Գրիգորյանի միջեւ, այս թեմայի շուրջ Aravot.am-ը պարզաբանումներ էր խնդրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից, սակայն նրա մամլո քարտուղար Սոնա Առաքելյանը մեզ առավոտյան փոխանցեց, որ քաղաքապետը դեռ աշխատանքի չի եկել, հենց գա, կփորձի պայմանավորվածություն ձեռք բերել: Նշենք, որ մինչ այս ժամը որևէ այլ արձագանք չենք ստացել Գյումրու քաղաքապետից:

Փոխարենը քիչ առաջ մեզ պարզաբանումներ ներկայացրեցին Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի գրասենյակից: Պարզաբանման մեջ նշվում է. «Խաչատուր Բալասանյանը  Գյումրիում է , մասնավորապես ներկա է եղել «Սեւ Բերդ» ամրոցում  իր կազմակերպած բարեգործական համերգին: Նրա գրասենյակը նորմալ գործում է, մշակվում են Գյումրու ու Շիրակի մարզի զարգացման ծրագրեր, կատարվում է քաղաքացիների ընդունելություն: Ինչ վերաբերվում է չառաջադրվելու մասին լուրերին, ապա դրանք հատուկ են տարածվում այն մարդկանց կողմից, որոնք, ըստ ամենայնի, խիստ մտահոգված են Խաչատուր Բալասանյանի հնարավոր առաջադրմամբ: Իր պլանների մասին Խաչատուր Բալասանյանը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ մոտակա օրերին»:

Ի դեպ, մենք փորձեցինք անձամբ հանդիպել ու մեկնաբանություն ստանալ Խաչատուր Բալասանյանից, ցանկացանք նաեւ համոզվել, որ նա, իրոք, Գյումրիում է, սակայն  գրասենյակից փոխանցեցին, որ նա այս պահին ցանկություն չունի շփվելու լրագրողների հետ:

Հիշեցնենք, որ ՀՀԿ կառույցում Խաչատուր Բալասանյանի՝ ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրվելու ցանկությունը միանշանակ չէր ընդունվել, ի սկզբանե որոշ թեկնածուներ դեմ են եղել:

Լուսանկարը՝ Խաչատուր Բալասանյանի ֆեյսբուքյան էջից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728