Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցում փետրվարի 6-ին մեկնարկեց շախմատի ԼՂՀ դպրոցականների մրցաշար, որին մասնակցեցին Քաշաթաղի շրջանի Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1, Երիցվանքի Մ. Գրիգորյանի անվ., Ծաղկաբերդի Ա. Նավասարդյանի անվ., Գանձայի, Վակունիսի Վ. Ոսկանյանի անվ. հանրակրթական և Բերձորի մարզական դպրոցները:
Շրջանային մրցաշարի կազմակերպիչ, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Արմեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ մրցաշարը կայանալու է 2 օրում, յուրաքանչյուր դպրոց ներկայացրել է 5 աշակերտ՝ այդ թվում՝ առնվազն 1 աղջիկ: Մրցաշարի գլխավոր մրցավարն է Վակունիսի դպրոցի ուսուցիչ Արշակ Լալայանը:
Ընթացքում զրուցեցի աշակերտների նրանց մարզիչների, մրցավարների հետ: Գլխավոր մրցավարն ասաց՝ կան աշակերտներ, որ լավ ու գրագետ խաղ ցուցադրեցին, կարող են ավելի լավ խաղալ; Կան նաև թույլերը, հիմնականում՝ սկսնակները: Գանձայի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Ջիվան Թադևոսյանն առաջին խաղում հաղթեց մրցակցին:
Կարդացեք նաև
-Եկել եմ, որ հաղթեմ, ասաց Ջիվանը, ով արդեն 3-րդ անգամ է մասնակցում շրջանային փուլի: Դպրոցում լավ է սովորում, դեռ չի որոշել հետագայում ինչ մասնագիտություն է ընտրելու: Երիցվանքի դպրոցի աշակերտներից վեցերորդցի Քնարիկ Խաչատրյանը ցանկանում է շախմատիստ դառնալ, ուստի ձգտում էր հաղթանակով ավարտել խաղը: Շատ է սիրում հայոց պատմություն և մաթեմատիկա առարկաները: Մարզիչ Մերուժան Մարգարյանն ասաց՝ փորձում է այնպես պարապել, որ իր սաների երազանքն իրականանա: Մրցաշարի վերջնական արդյունքները կամփոփվեն փետրվարի 8-ին:
Զոհրաբ Ըռքոյան