Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներում՝ հարկերից խուսափող գործարարների համար. Կառավարությունը մեղմացնում է պատիժը

Փետրվար 06,2017 17:07
jhangiryan

Այսօր ԱԺ նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի 205 հոդվածում, որը վերաբերում է հարկը տուրքը, պարտադիր այլ վճարը չվճարելուն:

Նախարարն ասաց, որ մեկ տարուց ավելի է՝ տարբեր ձեւաչափերով քննարկվել է այս նախագիծը, վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ձեւավորվել: Ի վերջո ընտրել են այնպիսի տարբերակ, որին կողմ են արտահայտվել հարկ վճարողների պաշտպանության ՀԿ-ն եւ այլն ՀԿ-ները, որոնք այս ոլորտում են աշխատում:

Հարկերը, տուրքերը վճարելուց չարամտորեն խուսափելը, օրենքով նախատեսված փաստաթղթեր չներկայացնելու եւ կամ այդ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում, եթե խախտումը գերազանցում էր 2 մլն դրամը, նախատեսվում էր քրեական պատիժ: Հիմա կառավարությունն առաջարկում է մինչեւ 4 մլն դրամ խախտումների դեպքում ապաքրեականացնել եւ թողնել միայն վարչական պատասխանատվություն, իսկ քրեական պատասխանատվություն սահմանել 4 մլն դրամը գերազանցող խախտումների պարագայում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ եթե քրեական պատասխանատվությունը հանում ենք, ուրեմն հարկային մարմինները պետք է ավելի շատ մտնեն ընկերություններ եւ ստուգումներ անեն ավելի հաճախ. «Քրեաիրավական պատասխանատվության սարսափով կանխվում էր այդ փաստաթղթերի դիտավորյալ չներկայացնելը, կեղծ ներկայացնելը»:

Ինչ վերաբերում է քրեական պատժին, նա ասաց, որ կողմ կլինի, եթե շեմը 6 մլն-ից լինի, ոչ թե 4-ից. «Ըստ էության, մենք սրանով համաներում ենք հայտարարում: Արդեն կայացված դատավճիռները պետք է վերանայվեն, որովհետեւ քրեական օրենսգիրքը մեղմացնում է պատասխանատվությունը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728