Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՊԵԿ-ում քրեորեն պատժելի արարք գործած մարդուն ընդամենը գործից ազատում են ու ասում՝ դու ազատ ես, եւ վերջ»:

Փետրվար 06,2017 17:03

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանն այսօր «Մեդիա կենտրոնում» «Հարկային եւ տեսչական ստուգումների խնդիրը բիզնես ոլորտում» թեմայով քննարկման ժամանակ  ասաց, որ հարկ վճարողների շրջանակներից արդեն արձագանքում են, որ հարկային ստուգումների մասով էական փոփոխություններ կան, եւ որ վարչապետի հանձնարարականը՝ հեռու մանր բիզնեսից, կամ զգուշությամբ աշխատել, արդեն կան նման դրսեւորումներ:

«Բայց այստեղ ուրիշ ռիսկ կա, փաստորեն տեսնելով իրենց մոտ չեն ստուգում, կարող են հանգիստ ֆիսկալները իջեցնել: Հարկային տեսուչը գնում է ստուգելու, վատ վարքագիծ է դրսեւորում՝ հենց էդ պլանային ստուգումը, որը տեղով մեկ  անհեթեթություն է, պլան են դնում՝ էսքան պիտի ստուգես, տուգանես, վերացվեց, պլան չկա: Հիմա երբ պետական մարմինը հետ է քաշվում, բիզնեսն էլ հո իդեալական պարտաճանաչ չէ, հակառակն է առաջանում՝ կարելի է չվճարել: Ու նայում ես ՝մարդն իրականացնում է բիզնես, իր ՀԴՄ-ի ֆիսկալով չի տեղավորվում նույնիսկ մի աշխատողի աշխատավարձ տա»,-ասաց պարոն Համբարձումյանը: Նրա խոսքերով՝ անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ պետք է կոշտ գործիքակազմ  կիրառվի, որպեսզի նման գործելաոճը  վարակիչ չլինի:

Արդյոք քաղաքական  կամք կա՞ տնտեսությունում առկա ստվերը դաշտ բերելու, պարոն Համբարձումյանն այս հարցին ի պատասխան նկատեց՝«Անկեղծ, ես Հայաստանում ստվեր չեմ տեսնում, ստվերի տեղը բոլորը գիտեն, դա ոչ ֆորմալ տնտեսություն է, չեն ձեւակերպել: Ես այստեղ  խնդիր եմ տեսնում՝որքան էլ կապենք իրավական ակտերի կատարելագործման հետ, միջավայր բարելավելու հետ, այստեղ մարդկային գործոն կա: Քաղաքական կամք եթե կա, չեմ տեսնում, բայց որ տեղաշարժ կա ՊԵԿ-ում ու մարդկանց են գործից հա ազատում: Բայց նա քրեորեն պատժելի արարք է արել, զարմանում եմ, ընդամենը գործից են ազատում, ասում են՝ գնա, դու ազատ ես»:

Քննարկմանը ներկա Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ  նկատեց՝ ստվեր բոլոր երկրներում էլ կա, բայց մեզ մոտ մակարդակը բարձր է, քանի որ ոչ կատարյալ օրենսդրությանը գումարվել է դիտավորյալ վարչարարությունը.«Եվ բիզնեսի մեջ ներառված են տեսուչներ, պաշտոնյաներ: ՀՆԱ-ում ստվերը 30-60% է, իսկ աշխատողների մասով՝ մինչեւ 60 %, հատկապես ծառայությունների ոլորտում, իսկ ծառայությունների ոլորտը, գիտենք ում ռեստորաններն ու կաֆեներն  են: Ի՞նչ է ստացվում՝ պատժելիության մեխանիզմ չկա, որովհետեւ բոլորը միասին են, ո՞վ ում պատժի»:

Պարոն Մակարյանն ասաց, որ կառավարությունը հաշվարկել է եւ գիտի, որ միկրո եւ փոքր ընկերությունները հարկերի մասով առանձնապես դերակատարություն չունեն բյուջեում: «Եվ եթե նույնիսկ աչքներս փակենք, ասենք՝ լավ թող մի քիչ ստվեր լինի, բայց սոցիալական նշանակությունը կարեւորենք, որոշակի զբաղվածություն են ապահովում, միգրացիան են կանխարգելելու, սոցիալական լարվածություն չառաջանալու համար աչքները փակեն: Պետությունն իր լավն ու վատը պիտի ճիշտ գնահատի»,-ասաց Մակարյանը:

Նրա  ներկայացմամբ՝ նախկին բոլոր դեպքերում տնտեսվարողը տուգանվում էր, ասենք՝  ՀԴՄ չխփելու եւ այլնի համար.«Որովհետեւ նախկինում ում չէին ստուգում, այդ պակասը միկրո ու փոքրի հաշվին էին լցնում: Հիմա պետությունը  փորձում է տարանջատել: Հայաստանի տնտեսական վիճակն է դրան բերել: Պատմականորեն ունենք ասենք՝ 90 հազար տնտեսվարող սուբյեկտ, ասենք թե 50-55 հազարը՝ միկրո բիզնես է, 25 հազարը՝ փոքր, մի 550 միջին ու մնացածը խոշոր: Այսինքն կառուցվածքում միկրոն ու փոքրը թվաքանակով գերակշռող են, բայց ոչ հարկերի եւ եկամուտների մասով: Այսինքն՝ տնտեսական առումով թույլ են, հալածված են»:

Տնտեսագետը նշեց, որ բիզնես միջավայրը պետք է շատ արագ բարելավել:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն» -ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728