Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել. Արփինե Հովհաննիսյանը՝ նոր նախագծի մասին

Փետրվար 06,2017 16:44

Այսօր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ԱԺ-ում ներկայացրեց «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հարցին լուծում է առաջարկվում: Հիշեցնենք, որ այն մի քանի օր առաջ ներկայացվել էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում եւ դրական եզրակացություն ստացել:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախագծով դատապարտյալի համար կանխատեսելի կդառնա պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը: Նախարարն ասաց, որ 2016-ին քրեակատարողականների վարչությունը 4500-ից ավելի պայմանական վաղաժամկետ ազատման դիմում է ստացել եւ միայն 630 դիմումի է տրվել դրական եղզրակացություն՝ ներկայացնելու անկախ հանձնաժողովին: Դրանցից բավարարվել է ընդամենը 120 դիմում: Մնացածն ուղարկվել է դատարան եւ միայն 3 տոկոսի դեպքում է բավարարվել դատարանում: Արփինե Հովհաննիսյանը, այս թվերը ներկայացնելով, հաստատեց, որ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը չի գործում ՀՀ-ում, արդյունավետ չէ: Նախարարը չի ակնկալում, որ նախագծի կիրառումից հետո 100 տոկոս արդյունավետություն կլինի, նման երկիր չկա աշխարհում. «Բայց այն, ինչ մենք ենք առաջարկում, ողջամտորեն կանխատեսելի կհամարվի դատապարտյալի համար, թե ինչ է անհրաժեշտ, որ ազատվի»: Հատուկ մասնագիտական հանձնաժողովն էլ կորոշի՝ որքան տոկոս է կազմում տվյալ դատապարտյալի՝ նորից հանցագործություն անելու հավանականությունը:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հիմա օրական 40 դիմում է ստանում դատապարտյալներից եւ դիմումների 80 տոկոսը վերաբերում է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտին:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարցրեց՝ ցմահ դատապարտյալների վրա տարածվո՞ւմ է վաղաժամկետ պայմանական ազատման ինստիտուտը՝ նախարարը պատասխանեց, որ եթե նրանց դատավճիռը շարունակում է ուժի մեջ մնալ, նրանք կարող են դիմել հանձնաժողովին՝ 3 տարի անց, ու նրանց համար որոշում կընդունվի այլ չափանիշներով՝ 8 ամիս փորձաշրջան սահմանելով եւ այլն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728