ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վստահ է, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
«Հայելի» ակումբում անդրադառնալով ներկայումս ձևավորվող դաշինքներին՝ պարոն Ավետիսյանը նկատեց. «Ցավոք, այդ դաշինքների մեծ մասը ոչ թե ընդհանուր գաղափար ունենալու հենքի վրա է ձևավորվում, այլ տարբեր գաղափարներ ունեցող մարդիկ հանկարծ մեկ դաշինքում են հայտնվում: Այնպես որ, երբ իրենց ծրագրերի մասին հայտարարեն, այն ժամանակ կհասկանանք` արդյոք մրցակի՞ց են, թե՞ ոչ»:
Պարոն Ավետիսյանը բացառեց, թե ընտրակաշառք է բաժանվում: Այն հիշեցումներին` ահազանգեր կան, որ արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել ու հենց ՀՀԿ-ի համակիրները, Սուքիաս Ավետիսյանն այսպես արձագանքեց. «Չգիտեմ՝ խոսակցությունները որտեղից են: Որպես ՀՀԿ ներկայացուցիչներից մեկը Շիրակում և Գյումրիում՝ առաջին անգամ ձեզնից եմ իմանում այդ մասին: Արդեն մեկ ամսից ավելի աշխատում ենք, և նման խոսակցություն մեր կառույցներում չի եղել»:
Հարցին հակասություն չի՞ առաջանում իր այն վստահության մեջ, թե ՀՀԿ-ն մեծամասնություն է ունենալու և այն պատկերի` համապատասխան որի` օրեցօր նոր մարդիկ են լքում ՀՀԿ-ն, հետևաբար նման ռեսուրսով ինչպե՞ս են մեծամասնություն ապահովելու, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Հակասություն չկա, քանի որ կուսակցությանը երբևէ չեն պակասում ռեսուրսները, խոսքը մարդկային ռեսուրսների մասին է: Ցանկացած քաղաքական ուժում էլ լինում են մարդիկ, որոնք դուրս են գալիս, բայց կոնկրետ ՀՀԿ-ի հետ կապված, այսօր ավելի շատ են ներգրավվողները, օգնելու հայտ ներկայացնողները: Այնպես որ, մարդկային ռեսուրսների պակաս չի լինի»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ