Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Կարայան. «Ես կհանձնարարեմ, որ Հայաստանի զարգացման հիմնադրամում առանձին աշխատակից զբաղվի ֆրանսիացի ներդրողների բոլոր հարցերով»

Փետրվար 06,2017 16:25

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին։

Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ անհրաժեշտ է ուժերը կոնսոլիդացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մեծացնելու ուղղությամբ։ Նախարարի խոսքով ՝ Հայաստանը կարող է Ֆրանսիայի համար յուրատեսակ տնտեսական կամուրջ լինել դեպի Եվրասիական տնտեսական միություն և Իրան։ Նախարար Սուրեն Կարայանն ասել է, որ մշակվել են և դեսպանին կներկայացվեն  բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնք կարող են հետաքրքիր լինել ֆրանսիացի գործարարներին։ Նախարար Կարայանը նշել է, որ Իրանի հետ սահմանակից գոտում ստեղծվում է ազատ տնտեսական գոտի, որտեղ ևս ֆրանսիացի գործընկերների մասնակցությունը ողջունելի կլինի։

«Ես կհանձնարարեմ, որ  Հայաստանի զարգացման հիմնադրամում առանձին աշխատակից զբաղվի ֆրանսիացի ներդրողների բոլոր հարցերով և խնդիրներով՝ մեկ պատուհանի սկզբունքով, ինչի շնորհիվ կկարգավորվեն նրանց խնդիրները, իսկ չկարգավորվելու դեպքում՝ խնդիրներն անձամբ ինձ կզեկուցվեն», – նշել է  նախարար Կարայանը։

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար՝ շեշտելով, որ վերջին տարիների հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության խորացումն իրենց համար առաջնահերթություն է։ Տնտեսական փոխգործակցության հաջող օրինակներից է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության և ՀՀ կառավարության միջև ստորագրված պայմանագիրը, ինչպես նաև Զարգացման ֆրանսիական գործակալության արդյունավետ գործունեությունը Հայաստանում։

«Մենք ուշի-ուշով հետևում ենք այն բոլոր մոտեցումներին, որոնք որդեգրվել են Հայաստանի կառավարության կողմից՝ լինի դա ազատ տնտեսական գոտու ստեղծում, թե ցանկացած այլ նորարարական մոտեցում, որոնք, օրինակ, միտված են մենաշնորհի դեմ պայքարին, գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների աճին ու ծրագրերին։  Տնտեսության գործունեությանն առնչվող ցանկացած բան, որ կարող է գրավել օտարերկրյա ներդրողներին, մեր ուշադրությունից չի սպրդում։ Կան ոլորտներ, որ արդեն հետաքրքրում են ֆրանսիական կողմին։ Մենք էլ մեր հերթին իրազեկում ենք շահագրգիռ կառույցներին»,- նշել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։

 

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728