Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնում եմ, որ շատ լավ մաքրած է». Վահան Մարտիրոսյանի շրջայցը՝ հարավային ուղղությամբ

Փետրվար 06,2017 16:19

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հերթական շրջայցը կատարեց Հայաստանի հարավային դարպաս՝ Մեղրի ձգվող միջպետական ճանապարհներով։ Բացի ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներից, այս անգամ նախարարի ուշադրության կենտրոնում էին նաև այն ճանապարհահատվածները, որտեղ առավելապես հիմնանորոգման անհրաժեշտություն կա։

Նախարարին ուղեկցում էին  «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը ու «Ճաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սամվել Բադալյանը։

Նախարարի առաջին կանգառը Տիգրանակերտի ոլորաններում էր, որի մոտ 100 մ  հատվածը սողանքային գոտի է։

«Ճաննախագիծ» ինստիտուտի տնօրեն  Սամվել Բադալյանը նշեց, որ անհրաժեշտ է երկրաբանական հետազոտություն կատարել, ուսումնասիրել  սողանքի խորությունը, որից հետո պարզ կդառնա, թե ինչ միջոցների կիրառմամբ կարելի է նվազեցնել ճանապարհի վրա սողանքի ազդեցությունը։

Նախարարը հանձնարարեց ուսումնասիրել և ներկայացնել լուծումներ:

Սարավանի ոլորանները սպասարկող «Վայք» ճանապարհաշինական ընկերության պետ Կարո Գևորգյանը նախարարին ներկայացրեց աշխատանքների ընթացքը: Նա նշեց, որ տվյալ հատվածն աչքի է ընկնում վտանգավոր շրջադարձերով, ճանապարհի մեծ թեքություններով, անկանխատեսելի կլիմայով։

«Աշխատում ենք շուրջօրյա։ Ունենք անհրաժեշտ տեխնիկա, ապահովված են անհրաժեշտ պայմաններ, որպեսզի օպերատիվ կատարենք աշխատանքը։ Այս ճանապարհի հիմնական դժվարությունը բուքն է։ Գիշեր-ցերեկ աշխատում ենք, որ հասցնենք»,-նշեց Կ. Գևորգյանը:

Օրեր առաջ ճանապարհի  մի հատվածը որոշ ժամանակով փակվեց։ Պատճառը ձնահոսքն էր: Այդ ընթացքում, բացի ձնամաքրման աշխատանքներից, ճանապարհաշինարարները հետևել են նաև, որպեսզի ձյան մեջ արգելափակված մեքենաներ չմնան։

Նախարարը նկատեց, որ այդ հատվածում լայնածավալ աշխատանք է կատարվել: Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ նաև ճանապարհին տեղադրված անվտանգության տարրերին, կարևորեց դրանց անհրաժեշտությունը։

Նախարարը հանձնարարեց ուսումնասիրել և, ըստ անհրաժեշտության, բետոնե պարապետներ և մետաղական արգելափակոցներ տեղադրել նաև վտանգավոր մյուս ճանապարհներին։

Հաջորդը կանգառը Սիսիանի տարածաշրջանում էր, որտեղ ճանապարհի մի հատվածում հիմնանորոգման անհրաժեշտություն կա։

Սիսիանի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինական ընկերության պետը ներկայացրեց իրավիճակը՝ նշելով, որ ամեն տարի իրականացվում են փոսային նորոգումներ, սակայն ճանապարհի տարբեր հատվածներում ճաքերն այնքան են խորացել, որ այլևս հնարավոր չէ նորոգել։

Գորիսի տարածաշրջանում մոտ 7 կմ հատվածը սպասարկում է «Ոսմար» ՍՊ ընկերությունը: Ճանշինի պետ Արթուր Կարապետյանը ներկայացրեց, որ ճանապարհային ծածկը տարեցտարի ավելի է մաշվում։

«Հիմքը տեղ-տեղ դեֆորմացվել է։ Տարեկան 2,5-3 հազար քմ միայն փոսային նորոգման աշխատանքներ ենք իրականացվում։ Անցանելիությունն ամբողջությամբ ապահովում ենք մեր ունեցած բոլոր հնարավորություններով»,-նշեց Ա. Կարապետյանը:

Հիմնանորոգման անհրաժեշտություն կա նաև Կապանի տարածաշրջանի մի հատվածում։

Ճանշինի պետ Արարատ Կարապետյանը նշեց, որ ժամանակին, երբ ասֆալտապատվել են այս ճանապարհները, դրանք նախատեսված են եղել 10տ քաշ ունեցող մեքենաների համար։ Հիմա մինչև 35տ քաշով մեքենաներ են այս ճանապարհներով երթևեկում, որին ճանապարհները չեն դիմանում։ «Մի կերպ պահպանում ենք»,- ասում է ճանշինի պետը։

Նախարարը հետաքրքրվեց, թե վերջին անգամ այս հատվածում ե՞րբ է հիմնանորոգում կատարվել։

«1960 թվականից հետո չի հիմնանորոգվել։ Հատվածաբար ասֆալտապատվել է, բայց մեծածավալ աշխատանքներ չեն կատարվել»,- մանրամասնեց  Ա. Կարապետյանը։

2017-2018թթ.  Սիսիան-Կապան ճանապարհահատվածում նախատեսվում է մոտ 20 կմ ճանապարհ հիմնանորոգել։ Տեղում գնահատելով իրավիճակը՝ կորոշվի, թե որ ճանապարհահատվածներն են  առավելապես  քայքայված և առաջնահերթ պետք է նորոգվեն։

Նախարարը նշեց, որ շուտով կկատարվեն նախագծման աշխատանքներ, ճանապարհների այն հատվածները, որոնք կընդգրկվեն հիմնանորոգման ծրագրում, գարնան վերջից կսկսվեն դրանց հիմնանորոգման աշխատանքները։

Մեղրու լեռնանցքում՝ 2535մ բարձրության վրա, տեղակայված է Մեղրիի ճանշինի բազան։ Այստեղ օր ու գիշեր հերթապահություն է իրականացվում։

Տեխնիկան միշտ պատրաստ է, աղ ու ավազի քանակությունը՝ բավարար։ Աշխատում են մի քանի հերթափոխով։ Հերթափոխն ավարտած աշխատակիցների հանգստի համար կան անհրաժեշտ պայմաններ։ Արդյունքն ակնհայտ է. Մեղրու լեռնանցքում ճանապարհները երբեք չեն փակվում։

Մեղրիի ճանշինի տնօրեն Ազատ Գասպարյանը նշեց, որ այս տարի ձյունը շատ առատ էր, բուքն էլ ամեն րոպե կարող է սկսվել:

Նախարարը գոհ էր կատարված աշխատանքի որակից:

«Տեսնում եմ, որ շատ լավ մաքրած է, ինչը ձեր լավ աշխատանքի արդյունքն է։ Այսպես էլ շարունակեք»,- ասաց նախարարը:

Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ճանապարհները հիմնականում մաքրված ու  մշակված են։ Նա ճանապարհների վիճակն ընդհանուր առմամբ բավարար գնահատեց։

«Այցի նպատակը նախ և առաջ ճանապարհների սպասարկման որակն ստուգելն էր, նաև՝   այս տարվա բյուջետային հատկացումներով ճանապարհաշինությանն ուղղված գումարները ճիշտ օգտագործելը»,- ընդգծեց նախարարը:

Նախարարը մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ բարեխիղճ աշխատողները առաջիկայում կխրախուսվեն: Ինչ վերաբերում է աշխատանքներում թերացած ընկերություններին, ապա հանձնարարվեց շտկել բացթողումները։

 

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728