Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորում գրանցված ընկերությունն էլ կարող է պետգնումներին մասնակցել, բայց իրական տիրոջ անունը պետք է հրապարակի

Փետրվար 06,2017 16:13

Օֆշորում գրանցված ընկերությունը նույնպես կարող է մասնակցել պետական գնումներին եւ ինչպես մնացած հայտատուները, օֆշորային ընկերության տերն էլ «Գնումների մասին» նոր օրենքով պարտավոր է, այսպես ասած, հայտարարագիր լրացնել իր հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ:
Aravot.am-ը ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց, թե հաշվի առնելով Միհրան Պողոսյանի հետ կատարված հայտնի դեպքը,  երբ անգամ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) չկարողացավ բացահայտել, որ ԴԱՀԿ նախկին պետն իսկապես Պանամայի օֆշորում գրանցված ընկերություններ ունի, ինչպե՞ս են բացահայտելու, եթե պետգնումներին մասնակցող օֆշորային ընկերության տերը այս կամ այն պաշտոնյայի հետ փոխկապակցվածություն ունենա, բայց դրա մասին ոչինչ չհայտնի: Պարոն Արամյանին նաեւ հարցրինք, թե արդյոք Միհրան Պողոսյանի գործի նախադեպը առիթ չի տալու, որպեսզի օֆշորներում գրանցված մնացած ընկերություններն էլ կեղծ տեղեկատվություն տան՝ իմանալով, որ միեւնույն է, չի բացահայտվում, պարոն Արամյանն ասաց. «Ոչ բոլոր հարցերն ու խնդիրներն են, որ գտնվում են ֆինանսների նախարարության մանդատի ներքո եւ տիրույթում: Ես դրա մասնագետը չեմ, որ կարողանամ ձեզ պատասխանել, թե ի՛նչ հետաքննական կամ ի՛նչ գործիքակազմով են դա կատարելու»:
Մեր հարցին`մտահոգություն չունե՞ք, որ օրենքը լիարժեք չի իրագործվի հենց նման դեպքերի պատճառով, Վարդան Արամյանն ասաց. «Եվ դրա համար էլ որպեսզի կանխարգելենք եւ նման դեպքերը բացառենք, մենք գնացել ենք համարձակ քայլերի՝ որպեսզի դա ի ցույց դարձնենք, որպեսզի դա դարձնենք հանրության սեփականությունը, դրանից հետո՝ ինչ գործիքակազմով դա կբացահայտվի, ֆինանսների նախարարությունը դրա մասնագետը չէ, որպեսզի մենք օրենսդրական ինչ-որ ցուցումներ, ձեւակերպումներ տանք, որպեսզի ասենք՝ այ այս գործիքակազմով ես պետք է բացահայտեմ: Բայց մեկ հարց տանք՝ արդյո՞ք ավելի դյուրին կլինի դա բացահայտել, եթե կատարվում է հրապարակում այդ մասին ու, ընդ որում, օրենսդրական հիմքով է պահանջը դրված, որպեսզի հրապարակվի այդ տեղեկատվությունը, ես կարծում եմ՝ այո: Եվ երկրորդ՝ եթե տնտեսվարողները ներառյալ նաեւ պետական պաշտոնյաները, նախապես իմանալով, որ դա հրապարակվելու է եւ իրենք էլ դրա համար ստորագրություն են տալու, եվ սխալ հրապարակման, սխալ հայտարարագրման դեպքում իրենք կարող են ենթարկվեն պատժամիջոցների, դա կարող է կանխարգելիչ գործիք լինել»:
Վարդան Արամյանը մեր հարցերին պատասխանեց Պետական գնումների թեմայով Ծաղկաձորում կազմակերպված երկօրյա դասընթացի ժամանակ, երբ նախարարն ու ֆիննախի մյուս մասնակիցները ներկայացնում էին գնումների ոլորտում իրականացրած բարեփոխումները: Նախարարության մասնագետների վստահեցմամբ` «Գնումների մասին» նոր օրենքն ու այս տարվա հունվարի 1-ից ներդրված էլեկտրոնային համակարգը պետական գնումները դարձնելու են հնարավորինս թափանցիկ ու պետության փողերն էլ խնայելու են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728