Այն մեթոդները, որոնք կիրառվում են հարկային մարմինների կողմից, 20 տարի է չեն փոխվել, վերջին տարում նոր մեթոդներ են ներմուծվել, բայց դրանք չեն հասել վարչարարական մարմիններին: «Մեդիա կենտրոնում» այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Եսոյանը՝ «Հարկային եւ տեսչական ստուգումների խնդիրը բիզնես ոլորտում» թեմայով քննարկման ժամանակ:
Ըստ պարոն Եսոյանի, նշած խնդրի պատճառներից է այն, որ վարչարարական մեթոդները թելադրվում են ղեկավարից եւ 20 տարում վարչարարական մարմնում այն պաշտոնյան, որ կար, 20 տարի էլ նույն մեթոդներով ղեկավարում էր.«Հիմա փոխվել են, հուսով ենք կարող է փոփոխություն լինի»:
Ըստ բանախոսի, վարչապետի հայտարարությունը, որ ոչ բարեխիղճ գործարարները պետք է պատժվեն, այդպիսի հայտարարություններ բազմիցս են հնչել.«Ընդհանրապես ոչ թե պատժելու քաղաքականություն պետք է լինի, այլ՝ համաչափ վարչարարություն իրականացվի: Պետք է այնպես արվի, որ տնտեսավարողները նույն հավասար պայմաններում գործեն: Եթե խախտում է թույլ տալիս, դա չի ենթադրում, որ ամբողջ վարչական լծակները պետք է ուղղել եւ կործանել տնտեսվարող սուբյեկտին:
Պետք տեսնել՝ այն իրավախախտի համար պատասխանատվությունն արդյոք տվյալ տնտեսվարողի նկատմամբ կիրառելիս համաչա՞փ է: Օրենսդրությունը պատասխանատվության տարբեր համապատասխան միջոցներ է նախատեսում: Իսկ տեսուչների առջեւ խնդիր է դրված՝ գնում եք՝ ինչ-որ «իքս» խախտման առաջ տուգանք եք նշանակում, այնպես եք անում, որ այսքան գումար գանձեք»:
Կարդացեք նաև
Պարոն Եսոյանն ասաց, որ այս նախընտրական շրջանում հարկային եւ այլ ստուգող մարմինները չպետք է ստուգումներ իրականացնելիս ինչ-որ խախտում թույլ տված տնտեսվարողին, որը հակադիր թիմում է, անհամաչափ պատժեն.«Ստուգումները պետք հեռու լինեն քաղաքական նպատակներից»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ