«Հազարավոր ձեռնարկություններ կանգնած են սնանկացման ճանապարհին»: Այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» «Հարկային եւ տեսչական ստուգումների խնդիրը բիզնես ոլորտում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով՝ բազմաթիվ ստուգող մարմիններ բիզնեսով են զբաղվում եւ դրանով առաջացնում են անհավասար մրցակցություն եւ, հետեւաբար, կողմնակալ վերաբերմունք են դրսեւորում:
Մակարյանի դիտարկմամբ՝ Հայաստանում գործում են ավելի շատ վարչահրամայական մեթոդները եւ այս մեթոդով էլ աշխատում են, այս փիլիսոփայությունը նույնիսկ օրենսդրական դաշտում է:
«Վարչապետը, երբ խոսում էր ստուգումների մասին եւ ասում էր՝ բիզնեսից հեռու մնալու կամ ծայրահեղ դեպքում ստուգելու մասին, նկատի ուներ մի քանի բան: 1-ինը ՝ տնտեսական վիճակն այնպիսին է, որ ամեն մի ստուգումը, որը կարող է ոչ թե օգուտ, այլ վնաս բերել հենց այդ կողմնակալ ստուգումների պատճառով, եւ դրանով է զգուշանում: 2-րդը՝ տարբեր ստուգումներն այսօր հսկայական թվով ձեռնարկությունների դրել են տարբեր խնդիրների առաջ. հազարավոր ընկերություններ սնանկացման ճանապարհին են: Նաեւ օրենքն է դրան բերել, որովհետեւ հարկային մարմինները ժամանակին հասել են նրան, որ օրենսդրության մեջ գրված է՝ 60 օրվա ընթացքում 1.2 միլիոն դրամ պարտավորություն առաջանալու դեպքում իրավունք ունեն ներկայանալ սնանկացման հայտով: Այսինքն՝ անկախ ձեռնարկությունների չափից եւ շրջանառությունից, հաշվի չառնելով տնտեսական գործոններն, այդպիսի ժամկետներ են դրել: Իսկ արտահանողը 60 օրից շուտ չի կարող ստանալ իր գումարները»,-ասաց Մակարյանը: Նրա խոսքերով՝ ԵԱՏՄ-ի օրենսդրության պայմաններով 90 օր է ժամկետը, եւ փաստորեն օրենսդրությունը չեն համապատասխանեցրել ԵԱՏՄ-ի պահանջներին եւ տնտեսական իրավիճակին:
Բացի այս, ըստ Մակարյանի, այսօր սնանկացման ուղիները շատ ձեռնարկատերերի համար դարձել են «մաքրվելու» ճանապարհ.«Կան կեղծ գործունեություն իրականացնողներ, որոնք «քցելով» ապա սնանկացման գնալով «մաքրվում են»: ինքնասնանկացման հայտ կարող են ներկայացնել:
Կարդացեք նաև
Պարոն Մակարյանը նկատեց, որ ներկայումս մի իրավիճակ է, եւ կառավարությունն էլ հասկանում է դա, որ ոչ ֆորմալ տնտեսությունը հավասարակշռված է սոցիալական իրավիճակով:
«Այսինքն՝ ոչ ֆորմալ տնտեսությունը դարձել է սոցիալական իրավիճակը մեղմացնող գործոն, որովհետեւ, եթե մենք ոչ ֆորմալ տնտեսությունից դուրս բերենք շատ ձեռնարկություններ, որոնք սկսեն լեգալ աշխատել, ապա իրենք չեն կարող այդքան աշխատող պահել ու աշխատավարձ տալ: ՊԵԿ-ը խճճվել է, եւ նրա գործառույթը բարդացել է»,-ասաց պարոն Մակարյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ