Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 55 արձանագրություն:
Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ շարունակվում է նաև հսկողությունն ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը, ինչպես նաև մայթերում, կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը բացառելու նպատակով: Հանձնարարվել է շարունակել համատեղ ստուգայցերը և խստացնել այս ոււղղությամբ տարվող հսկողությունը:
Խորհրդակցության շրջանակում զեկուցվել է, որ սահմանված ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով ներկայացվել են քաղաքապետարանի կողմից 2016թ. կատարված և 2017թ. կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը հանձնարարել է ներկայացնել առաջարկ` վերոնշյալ հաշվետվությունը բնակչությանն առավել մատչելի ներկայացնելու վերաբերյալ:
«Ճիշտ է, ոլորտների պատասխանատուների կողմից արդեն իսկ ներկայացվել են 2016թ. աշխատանքների հաշվետվությունները, բայց, ամեն դեպքում, հաշվի առնելով այդ աշխատանքների ծավալները, փորձեք կատարված աշխատանքներն առավել մատչելի եղանակով ներկայացնել հանրությանը: Պետք է արվի հնարավորը, որ մեր համաքաղաքացիներն առավելագույնս տեղեկացված լինեն կատարված աշխատանքների մասին», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Կարդացեք նաև
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ:
Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` շարունակվում են նաև քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով անակնկալ ստուգայցերը:
Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ գործընթացը պահելով մշտական վերահսկողության ներքո:
Մշակույթի և տուրիզմի վարչության պետն էլ զեկուցել է, որ փետրվարի 11-ին՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ ավարտվել են տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն