Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման նկատմամբ:
Ըստ այդմ, վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 11 արձանագրություն: Պատասխանատուներին հանձնարարվել է առավել ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները:
Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ տնտեսվարող 8 սուբյեկտ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ կուտակված ձյան և սառույցի մաքրման աշխատանքները պատշաճ չիրականացնելու համար:
Անդրադառնալով մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Սանիթեք» ընկերությանը, օպերատիվ շտաբին և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել աշխատանքները հատկապես բակերում և միջբակային տարածքներում, ինչպես նաև, համագործակցելով ԱԻՆ-ի հետ, շարունակել բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները:
Կարդացեք նաև
«Հետևողականորեն շարունակեք բակային տարածքների ձնամաքրման և կուտակված ձյան տեղափոխման աշխատանքները: Մեր համաքաղաքացիների դժգոհություններն այս աշխատանքների հետ կապված լիովին արդարացված են և խոսում են այն մասին, որ բակերի ձնամաքրումը կատարվում է դանդաղ և ոչ բավարար, ինչը, բնականաբար, անընդունելի է: Ներգրավեք հնարավոր բոլոր ուժերը՝ ձնամաքրումն արագ իրականացնելու համար: Նաև հետևեք, որպեսզի պատշաճ իրականացվեն տվյալ տարածքների աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն