Եվրամիության ղեկավարությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ պահանջելով ազատ արձակել անարդարացիորեն դատապարտված քաղաքական ակտիվիստներին, լրագրողներին և կառավարության այլ քննադատների: Ինչպես հաղորդում է contact.az-ը, նման հայտարարություն է տարածել Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը՝ կապված Ադրբեջանի նախագահի՝ Բրյուսել կատարվելիք այցի հետ:
Փետրվարի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնում է Բրյուսել՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերության նոր համաձայնագիրը քննարկելու: Ակնկալվում է, որ նա կհանդիպի Եվրահանձնաժողվի նախագահ Ժան Կլոդ Յունկերի, ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Իրավապաշտպանների հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ը նաև պետք է կոչ անի Ալիևին դադարեցնել անկախ խմբերի հետապնդումները և նրանց հնարավորություն տալ աշխատելու առանց պետական միջամտության:
«Նկատի ունենալով, որ Ադրբեջանը և ԵՄ-ը ձևավորում են համագործակցության նոր փուլ, անհրաժեշտ է, որպեսզի ԵՄ-ը իսկապես պաշտպանի մարդու իրավունքները, և ոչ թե աչք փակի այլախոհների նկատմամբ Ալիևի բռնաճնշումների վրա»,- ասել է կազմակերպության տնօրեն Լոտտե Լայտխը:
Կարդացեք նաև
Լայտխի հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի հետ ցանկացած բանակցություն պետք է ներառի հստակ ձևակերպված ակնկալիքներ՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների հետ:
«Բաքվի հետ համագործակցության խորացումը՝ առանց մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի բարելավման, կնշանակի, որ ԵՄ-ը հրաժարվում է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանում անարդարացիորեն դատապարտվածներին»,- ասել է Լայտխը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ