Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ընդլայնում է մրցութային անվանակարգերը։ 2017թ. խաչատրյանական 13-րդ միջազգային մրցույթն առաջին անգամ կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ։ Ժյուրիի նախագահն է լինելու Կոնստանտին Օրբելյանը։
Խաչատրյանի մրցույթի մասնակցության կարգը հաստատված է։ Հայտերը կարելի է ներկայացնել մինչև ապրիլի 25-ը։ Մասնակցության կարգի, ծրագրի և այլ մանրամասների մասին կարելի է տեղեկանալ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական կայքից՝ https://akhic.am/ ։
Նշենք, որ մրցույթի առաջին փուլում բոլոր մասնակիցները, ի թիվս այլ գործերի, պետք է պարտադիր կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ամեն տարի մեկնարկում է հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ 2016-ին այն առաջին անգամ անցկացվել է «դիրիժորություն» մասնագիտությամբ։ Իսկ մինչ այդ մրցույթը կայացել է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ» անվանակարգերում։ Խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։ Մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Երաժշտական այս նշանակալի իրադարձությունն ընդգրկում է տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտների։
Մամլո հաղորդագրություն