ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստում անդրադարձավ ընտրությունների օրվան. «Մեր խմբակցության կարծիքով ապրիլի 2-ը ընտրությունների օր նշանակելու հրամանագիրը հակասում է մի քանի նորմերի, հակասում է Սահմանադրությանը»:
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իշխանությունը ներկայացրել է հակադարձ փաստարկները, բայց իրենց համար դա ընդունելի չէ: Ուստի ՀԱԿ-ը հայտարարեց, որ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան: Նա ասաց, որ հենց հիմա ինքն ու Արամ Մանուկյանը ձեւաթուղթը կվերցնեն եւ կհավաքեն 27 պատգամավորի ստորագրություն: Նա հորդորեց պատգամավորներին, որ միանան եւ ստորագրեն այն:
Հերմինե Նաղդալյանն էլ ասաց, որ իրենք պատրաստակամ են օրը վերանայելու:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ինքը կպաշտպանի սահմանադրագետների պատասխանը, որոշումը եւ կոչ արեց էմոցիոնալ դաշտ չտեղափոխել հարցը, գուցե հենց ապրիլի 2-ին ընդդիմությունը համախմբվում է եւ իշխանափոխություն է իրականացնում. «Միգուցե ձեւավորվի այնպիսի իշխանություն, որը զինվորի հացը չի լափի, մեր զինվորի փամփուշտի փողը չի գողանա, որի արդյունքում եղան այդ զոհերը: Չե՞ք կարծում, որ դա կլինի ամենամեծ հարգանքի տուրքը՝ ապրիլի 2-ին զոհված մեր երեխաների առջեւ»:
Կարդացեք նաև
Պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էլ ասաց. «Ես չեմ ընդունում, որ ապրիլի 2-ը սգո օր է: Ես գտնում եմ, որ դա մեր «մահ իմացեալ»-ը խորհրդանշող հերոսների հիշատակի, հարգանքի օրն է: Տեսնում եմ, որ կա երկկողմ ցանկություն, որ փոխեն այդ օրը: Ինձ համար միանշանակ է, որ մեր պետության դժբախտությունների հիմնական պատճառը ընտրությունների կեղծելն է եղել: Համարժեք կլինի, որ այդ օրը ապացուցենք, որ եթե կա մահ իմացեալ, ապա կա գիտակցված քվե»:
Նա առաջարկեց, որ բոլոր դաշինքները, քաղաքական ուժերը, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին, հուշագիր ստորագրեն, որ պետք է գնան անկախ ընտրությունների: Ռուբեն Հակոբյանն ասաց, որ վաղը նախագիծը կներկայացնի այդ մասին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ