Լրահոս
Օրվա լրահոսը

Հալալ քրտինքով հարստացած «մուլտի միլիարդատեր» պաշտոնյաները կմնան անհայտ. Փաշինյանի նախագծին ՀՀԿ-ն դեմ է

Փետրվար 06,2017 13:35

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագիծը՝ ԱԺ-ում ստեղծելու ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի բվարձրաստիճան պաշտոնյաների գույքային վիճակը, նրանց եկամուտների եւ ունեցվածքի ձեռքբերման օրինականությունը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դեմ են քվեարկել իր նախագծին եւ հակափաստարկներից մեկն այն է, որ հիմա ՀՀ-ում գործում է Բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների եւ գույքի հայտարարգրման մեխանիզմ, բայց մենք գիտենք, որ դրանից դուրս են մնում բոլոր հարազատները, մերձավորները, բացի ամուսնուց եւ համատեղ ապրող երեխայից ու ծնողից, բավականին լայն շրջանակն դուրս է մնում դրանից:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ քաղաքացիները պետք է ունենան ամբողջական տեղեկատվություն, թե ինչ ունեցվածք են դիզել 25 տարվա ընթացքում ՀՀ պաշտոնյաները. «Գողացվածը պետք է վերադարձվի ժողովրդին, բայց դա պետք է տեղի ունենա միջազգային կոնվենցիաներով՝ առանց վենդետաների, առանց կախաղանների: Այս հարցի շուրջ պետք է տեղի ունենա լրջագույն քաղաքական, հանրային քննարկում: ՀՀ ժողովուրդը պետք է ունենա այս հարցի պատասխանը՝ ինչո՞ւ 25 տարբվա պետությունն ունի ընդամենը 2,5 մլրդ-ի բյուջե եւ իրենք չկարողանան կենսական կարիքները բավարարել,երբ միեւնույն ժամանակ ՀՀ բազմաթիվ պաշտոնյաներ լողում են հարստության մեջ: Ես սա համարում եմ իմ եւ ՀՀ ապագայով մտահոգված բոլոր քաղաքացիների առաջնահերթություններից մեկը»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է Նիկոլ Փաշինյանի նախագծին: Նա ասաց, որ 25 տարի շարունակ ԱԺ ամբիոնից ասում են՝ երկիրը թալանել են, ի՞նչն է խանգարում, որ համաձայնեն ստեղծել հանձնաժողով, որ ում անունները տալիս են, պարզվի նրանց մասին ճշմարտությունը. «Կպարզվի, որ հարստացել են հալալ քրտինքով՝ թող հանձնաժողովն արձանագրի, որ ՀՀ-ում կա այսքան տոննա հալալ քրտինքով հարստացած մուլտի միլիարդեր: Մենք քվեարկում ենք կողմ»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ապօրինի հարստացման դեմ պայքարը իրենց գաղափարն է եւ առաջարկեց 91-ից ի վեր բոլոր պաշտոնյաների ունեցվածքն ուսումնասիրել՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած: Նա ասաց, որ իրենք հանգիստ են եւ պատրաստ են անցել այդ թեստը:

Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ շատ է խոսվում այս մասին, մանավանդ, որ իշխանության մեջ եղել են մարդիկ, որոնք աշխատել են, երկրում արել են կացութաձեւային հեղափոխություն եւ մնացել են ազնիվ: Նա ասաց,որ շատ հաճախ է ներկայիս երիտասարդներից լսում, որ եթե նախկին իշխանություն է, ուրեմն անպայման փող են կերել: Նա ասաց, որ ապացուցելու համար, որ կարելի է լինել իշխանության եւ մնալ ազնիվ՝ կողմ է այս նախագծին:

Նա առաջարկեց, որ շարունակեն թեման խորացնել եւ ընդհուպ մինչեւ «Լյուստրացիայի մասին» օրենքին հասնեն:

Աղվան Վարդանյանի խոսքերով՝ ՀՅԴ-ն ունի կայուն սկզբունք. «Բոլոր այն նախագծերը, որոնք գալիս են ԱԺ, մենք կողմ ենք քվեարկում, որ քննարկման, տեսակետների բախման հնարավորություն ստեղծվի»: Նա հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին, թեեւ խնդիր են տեսնում, որ վաղը նոր ԱԺ է գալու եւ այս հանձնաժողովի լիազորությունները դադարեցվելու են:

Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց, նա ասաց, որ ԱԺ-ի ընդունած որոշումները, օրենքները չեն սահմանափակվում տվյալ գումարման ԱԺ-ով: Նա ասաց, որ լավ աշխատանքի դեպքում այդ հանձնաժողովը շատ բան կհասցնի անել:

ՕԵԿ-ը նույնպես կողմ էր նախագծին:

Այնուամենայնիվ, այն չընդունվեց՝ 56 դեմ, 39  կողմ եւ 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով, դեմ քվեարկեց ՀՀԿ-ն:

Հռիփաիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728